09/05/2024 23:43
Կապ է հաստատվել «Խոսնակ.ամ» լրատվական կայքի լրագրող Նանե Իսրայելյանի հետ՝ իր մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ․ ՄԻՊ խորհրդական
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ կապ է հաստատվել «Խոսնակ.ամ» լրատվական կայքի լրագրող Նանե Իսրայելյանի հետ՝ իր մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ: Այդ մասին հայտնել է ՄԻՊ խորհրդական Արթուր Ասլանյանը՝ նշելով նաև․
«Պարզաբանումներ կպահանջվեն իրավասու մարմնից: Հարցը գտնվում է Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում:
Այս համատեքստում ցանկանում ենք հատուկ ընդգծել, որ Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարություն էր տարածել առ այն, որ խիստ մտահոգիչ է համարում վերջին շրջանում զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների մասնագիտական գործունեությանն առերևույթ խոչընդոտելու կամ նրանց մասնագիտական գործունեությամբ պայմանավորված` թիրախավորման և առերևույթ բռնության դեպքերը:
Նշված բոլոր դեպքերով Մարդու իրավունքների պաշտպանը պահանջել է գործերի պատշաճ քննություն։
Լրագրողների մասնագիտական գործունեության պատշաճ երաշխավորման բնագավառում առկա մի շարք խնդիրներ տեղ են գտել նաև Պաշտպանի տարեկան հաղորդման շրջանակներում։ Պաշտպանը հետևողական է լինելու դրանց լուծման հարցում։
Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ լրագրողների և լրատվամիջոցների մասնագիտական պաշտպանված և արդյունավետ աշխատանքն ունի մեծ հանրային կարևորություն։
Իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնելիս կամ դրանով պայմանավորված՝ լրագրողների թիրախավորման, առերևույթ բռնության դեպքերն անթույլատրելի են, իսկ իրավասու մարմինները պետք է պատշաճ քննարկման առարկա դարձնեն ցանկացած դեպք, որը կարող է վկայել լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու մասին»: