09/05/2024 09:53
«Հրապարակ». Փաշինյանը մոռացե՞լ է, որ վերջին տարիներին որևէ եկեղեցական տոնի ինքն ու իր իշխանության ներկայացուցիչները չեն մասնակցում
«Հրապարակ» թերթը գրում է. «Շարժումը վարկաբեկելուն, քարոզչական կեղծ թեզեր տարածելուն զուգահեռ Փաշինյանի գլխավորած իշխանությունը փորձում է նաև փրկել իրավիճակը` կասեցնել շարժման ընթացքը, թույլ չտալ, որ փողոց ելնող մարդկանց թիվը բազմապատկվի։ Նախօրեին Կիրանցում ընթացող սահմանազատման գործընթացների հետ կապված, դիցուք, աճպարարություններ արեցին և Կիրանցի համայնքապետից մի քանի նախադասություն կորզեցին, թե մինչ այս պահը մի միլիմետր հայկական կողմը չի զիջել, հակառակը՝ 3 հեկտար հետ է ստացել: Եվ վարչական ղեկավարը հայտարարեց, թե ինքը գոհ է գործընթացից: Իրականում` գործընթացը սառեցվել է և այն, ինչ Ալիևը պահանջել է, Փաշինյանն էլ կիրանցիներին օրեր առաջ հայտնել էր, թե սահմանը գյուղի միջով է անցնելու, հիմա ստոպ են տվել, բայց մի որոշ ժամանակ հետո կյանքի է կոչվելու։ Իսկ երեկ Նիկոլ Փաշինյանը հանկարծ հիշել էր ՀՀ ազգային արժեքները և իր էջում թվարկել էր դրանք` դրանց շարքում նշելով նաև «Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, Հայ կաթողիկե եկեղեցին, Հայ ավետարանական եկեղեցին. քրիստոնեությունը»:
Փաշինյանը փորձում է Սրբազանին աջակցող հոգևոր հոտին հավատացնել, որ ինքը ևս հավատացյալ է, եկեղեցուն դեմ չէ, իր համար էլ է այն ազգային արժեք: Նա երևի կարծում է, որ մարդիկ մոռացել են, որ Եկեղեցու դեմ առաջին անգամ իր իշխանության օրոք է արշավ իրականացվել և իշխանության հետ սերտ կապեր ունեցող մարդկանց առաջնորդությամբ։ Եկեղեցին ազգային արժեք համարող Փաշինյանը մոռացել է երևի, որ վերջին տարիներին որևէ եկեղեցական տոնի, մատուցվող պատարագներին ոչ միայն ինքը, այլև իր իշխանության որևէ ներկայացուցիչ չի մասնակցում: Իսկ Սուրբ ծննդյան պատարագին իշխանական վերնախավը Արուճի կիսավեր Սուրբ Գրիգոր եկեղեցում հոգևոր երաժշտության փառատոն անցկացրին, ինչը հոգևոր դասը մեկնաբանեց, թե` Փաշինյանն ուզում է եկեղեցին վերածել համերգասրահի։ Հիշենք նաև, որ այս տարի առաջին անգամ Հանրայինը Փաշինյանի հրահանգով եթեր չհեռարձակեց Վեհափառի ամանորյա ուղերձը: Այնպես որ ազգային արժեքները և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին գնահատելը խոսքով չէ, այլ գործերով»։