10/05/2024 13:56
Չեն կարող որևէ կոմպրոմատով փորձել ՔՊ պատգամավորներին դեպի իրենց տանել, ՔՊ-ն բավականին ամուր է․ Բաքոյան
ՔՊ պատգամավոր Ռուստամ Բաքոյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ այն հարցին, թե ինչու է Բագրատ Սրբազանը Հանրապետության հրապարակից իր անունը տվել և կոչ արել միանալ իմպիչմենտի գործընթացին։
Բաքոյանը նշեց, որ իր և Գալաստանյանի միակ հանդիպումը եղել է 44-օրյա պատերազմին՝ ԼՂ-ում, ապա 2020թ․-ի աշնանն ինքը զանգահարել է և զոհված հորեղբոր որդուց որևէ տեղեկություն փորձել իմանալ և այդ հարցով աջակցություն խնդրել։
Բաքոյանը նշեց, որ հայտարարությունը, թե եզդի համայնքը միացել է շարժմանը՝ սխալ է։ «Չի կարող մեր համայնքը միանալ Բագրատ Սրբազանի շարժմանը։ Կարող են լինել անհատներ, որ քաղաքական այդպիսի կողմնորոշում ունենան՝ գնան միանան։ Իմ համայնքից նման հայտարություն չի կարող ունենալ»,-ասաց նա և հորդորեց համայնքի անունից որևէ մեկը նման հայտարարություն չանի, այդ թվում նաև համայնքի այն ներկայացուցիչները, ովքեր միացել են այդ երթին։
Բաքոյանը նշեց, որ չի կարող որևէ կոմպրոմատ լինել և այդպես փորձեն ՔՊ պատգամավորներին դեպի իրենց տանել։ «Ձեզ ուզում եմ տեղեկացնել, որ ՔՊ-ն բավականին ամուր է, մի միլիմետրի շեղություն չի կարող խմբակցությունում լինել։ ՔՊ-ն բավականին հանգիստ է, ամուր է և բավականին թիմային է գործում»,-ասաց նա։