10/05/2024 20:00
Հայ ժողովուրդը ծնկի չի՛ գա և չի՛ գալու. Աբրահամ Գասպարյան
«Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն-հիմնադրամի ղեկավար Աբրահամ Գասպարյանը Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց՝ Բագրատ Սրբազանի առաջնորդած Համազգային շարժումն իրական հայկական է, իսկ հայ ժողովրդին ծնկի բերել չի հաջողվելու։
«Եթե Հայաստանը, հայ ժողովուրդն ասում է՝ ո՛չ հանձնվողականությանը, ո՛չ պարտվողականությանը, այլ այո՝ հայկական ինքնության պահպանմանը և անվտանգ ու զարգացած Հայաստանին, ուրեմն այդպես էլ կլինի»,- ասաց Գասպարյանը։
«Մեզ միշտ փորձել են վախեցնել պատերազմով․ հայ ժողովուրդը վախեցող չէ։ Ավարայր կերտած, Սարդարապատ կերտած, Շուշի կերտած հայ ժողովուրդը ծնկի չի՛ գա և չի՛ գալու»,- շեշտեց նա։
Ինչ վերաբերում է Շարժմանը, ապա այն ունի մեկ վերնագիր՝ Հայաստան և մեկ դրոշ՝ կարմիր, կապույտ, նարնջագույն, խոսքը շարունակեց Աբրահամ Գասպարյանը։
«Խոնարհվելով մեր ժողովրդի ապրած ցասման, զայրույթի, բողոքի բոլոր շարժումների առաջ, այդուհանդերձ, մեկ փաստ՝ չի եղել մի շարժում, որի կարգախոսի և գաղափարախոսության 4 առանցքները կազմող հենասյուներից 3-ի բառարմատը լինի հայ բառը՝ Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված։
Սա կոչվում է հայկական կողմնորոշում՝ հայկական օրենետացիա»,- ընդգծեց նա։