10/05/2024 19:45
Մենք այսօր պատրաստ ենք վերահաստատել մեր իրավունքը՝ մեր հողում ապրելու․ Սուրեն Պետրոսյան
«Ցավոք, այսօր Հայաստանը կորցրել է իրավունք ունենալու իրավունքը։ Ցավոք, մենք կարծում ենք, թե մեզ ինչ-որ մեկը պիտի նվիրի իրավունք։ Այնինչ ողջ պատմության ընթացքում իրավունքը վաստակել են, ձեռք են բերել։ Մենք այսօր պատրաստ ենք վերահաստատել մեր իրավունքը՝ մեր հողում ապրելու», - Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը։
«Մենք պատրաստ ենք պատասխանատվություն ստանձնել մեր ներկայի համար։ Հավատացած եղեք՝ այն մարդիկ, որոնք ասում են, թե մենք անզոր ենք, մենք ռեսուրսներ չունենք, մենք տապալված ենք, այդ մարդիկ իրենց խորքում են տապալված՝ և ո՛չ պետությունը։ Մենք ունենք անսահմանափակ ռեսուրսներ, անսահմանափակ հնարավորություններ, սակայն այս վերջին տարիների ընթացքում մեզ պակասել է կամքը, նպատակը, ինքնությունը և արժանապատվությունը։ Այդ արժանապատվություն ու կամքն այժմ խտացված է այստեղ»,- ասաց Պետրոսյանը՝ դիմելով հանրահավաքի մասնակիցներին ու համոզմունք հայտնլով՝ պայքարն իր արդյունքը տալու է։