10/05/2024 17:17
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այն աջակցության համար, որը ցուցաբերում է ամերիկյան կողմը»․ Խաչատուրյանը՝ Լոս-Անջելեսի քաղաքապետին
Նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում նշված է․
«Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ԱՄՆ Կալիֆորնիա նահանգ կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Լոս Անջելեսի քաղաքապետ Կարեն Բասսի հետ:
Ողջունելով նախագահ Խաչատուրյանին՝ տիկին Բասսն ասել է. «Մենք պատիվ ունենք այսօր Լոս Անջելեսի քաղաքապետարանում ողջունելու Հայաստանի նախագահ, Նորին Գերազանցություն Վահագն Խաչատուրյանին: Որպես Երևանի քույր քաղաք, Լոս Անջելեսը կանգնած է Հայաստանի կողքին և կշարունակի ապահովել Լոս Անջելեսում ապրող հայերի բարեկեցությունը՝ տրամադրելով նրանց բարգավաճման համար անհրաժեշտ աջակցությունը։ Միացյալ Նահանգները և Հայաստանը ամուր հարաբերություններ ունեն՝ հիմնված ընդհանուր արժեքների և ժողովրդավարական գործընթացին նվիրվածության վրա, և մենք ակնկալում ենք շարունակական և ամուր համագործակցություն Հայաստանի և հայ ժողովրդի հետ»:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և խոսքերի համար, նախագահ Վահագն Խաչատուրյանը նշել է. «Մենք շատ բարձր ենք գնահատում Հայաստանի և Միացյալ նահանգների միջև տասնամյակներ շարունակ դինամիկ զարգացող համագործակցությունը: Հայաստանում առանձնահատուկ վերաբերմունք կա Կալիֆորնիայի և Լոս Անջելեսի նկատմամբ նախ այն պարզ պատճառով, որ Ձեր նահանգում և մասնավորապես Լոս Անջելելսում է գտնվում ԱՄՆ ամենախոշոր հայկական համայնքներից մեկը, ապա նաև պայմանավորված մի շարք տնտեսական իրողություններով: Նկատի ունեմ այն, որ վերջին տարիներին Հայաստանի տնտեսության մեջ էական դերակատարություն է ստացել Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը և այս առումով մեր առաջնահերթությունների շարքում է Կալիֆորնիայի «Սիլիկոնային Հովտում» գտնվող ՏՏ ոլորտի խոշոր ներկայացուցիչների հետ փոխգործակցության ընդլայնումը և Հայաստանում նրանց ներկայացվածության խթանումը: Օգտվելով առիթից, ես ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել Ձեզ և նաև Միացյալ Նահանգների բարձր ղեկավարությանն այն աջակցության համար, որը ցուցաբերում է ամերիկյան կողմը վերջին շրջանում Հայաստանին, մեր պետության համար դժվարին այս ժամանակաշրջանում։ Վստահ եմ նաև, որ մեր հանդիպումը հավելյալ խթան կհանդիսանա մեր երկրների արդյունավետ գործակցության հետագա զարգացման համար»։
Հանրապետության նախագահը շեշտել է, որ էներգակիր ռեսուրսների սակավության պայմաններում, Հայաստանը հիմնական շեշտադրում է կատարում մարդկային մտավոր կապիտալի զարգացման վրա։
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են տեղական ինքնակառավարման մարմիններում և համայնքային ենթակառուցվածքներում իրականացվող բարեփոխումների շրջանակում ամերիկյան լավագույն փորձառությունը Հայաստանում կիրառելու հնարավորություններին և ուղիներին։ Այս կապակցությամբ Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի նախագահ Փոլ Կրեկորյանը նշել է Լոս Անջելեսի և Երևանի քաղաքապետարանների աշխատակիցների համար փորձի փոխանակման և վերապատրաստման համատեղ ծրագրերի իրականացման նպատակահարմարությունը և այս ուղղությամբ անհրաժեշտ քայլերի մեկնարկի խթանման կարևորությունը։
Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել Միացյալ Նահանգներ-Հայաստան ուղիղ չվերթների իրականացման և մասնավորապես Լոս Անջելես Երևան ուղղությունով նման հնարավորության կյանքի կոչման հեռանկարների և անհրաժեշտ քայլերի իրականացման վերաբերյալ։
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային իրողություններին և զարգացումներին, ինչի կապակցությամբ նախագահ Վահագն Խաչատուրյանը վերահաստատել է Հայաստանի հաստատակամ դիրքորոշումը՝ հասնել հարևանների հետ հիմնախնդիրները խաղաղ բանակցային ճանապարհով, միջազգային հիմնարար իրավունքների և նորմերի, ինչպես նաև խաղաղ համակեցության սկզբունքների շրջանակում լուծելու վերաբերյալ։
«Հայաստանի արտաքին քաղաքականության իրականացման հիմքում դրված է խաղաղության հասնելու անհրաժեշտ քաղաքական կամքը»,- նշել է նախագահը։
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել հնարավորինս աջակցել երկու երկրների միջև փոխգործակցության ընդլայնման գործընթացին»։