10/05/2024 21:05
Բագրատ Սրբազանը ներկայացրեց Համազգային շարժման հետագա քայլերը՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին հասնելու ճանապարհին
Բագրատ Սրբազանը ներկայացրեց Համազգային շարժման հետագա անելիքները՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին հասնելու ճանապարհին։
Դիվանագետների նորաստեղծ խորհրդին Սրբազանը հորդորեց մշակել և կազմել սահմանազատման և սահմանագծման շուրջ բանակցությունների հստակ հայեցակարգ, որպեսզի այն հանրայնացվի և մարդիկ հստակ համեմատության մեջ հասկանան՝ ինչ է առաջարկվում իրենց՝ եղածի համեմատ։
Պահեստազորի սպաներին Սրբազանը հորդորեց, որ պետական անվտանգության բարձրացման, անվտանգային համակարգի հայեցակարգ ներկայացնեն։
«Երրորդ քայլը ձերն է, ժողովուրդ, առաջիկա օրերին, մինչև մյուս ուրբաթ բոլորդ խաղաղ, բարեկիրթ զրույցներ անցկացրեք ՔՊ անդամների հետ։ Առանց հայհոյանքի, ագրեսիայի։ Շատ կարևոր է, որ կարողանանք բացատրական աշխատանքներ տանել։
Սա սկիզբն է, վերջը չի։ Համբերությամբ, ինքնավստահությամբ, փոխադարձ վստահությամբ զինված՝ քայլ առ քայլ առաջ ենք գնալու»,- ասաց Սրբազանը։
Նա տեղեկացրեց, որ այսօր ու վաղը կազմակերպչական հարցեր են լուծվելու, վաղը Հայաստանի 10 վայրերում՝ Երևանում ու մարզերում խաղաղ անհնազանդության ակցիաներ են լինելու, կիրակի օրը՝ ժամը 18։30-ին լինելու է հանրահավաք։
«Հասնելու ենք մեր նպատակին, այլ ելք չկա»,- ասաց Բագրատ Սրբազանը։