11/05/2024 16:37
Նախագահը Հնչակյաններին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող սահմանազատման գործընթացի վերաբերյալ
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Լոս Անջելեսի իր կեցավայրում ընդունել է Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության (ՍԴՀԿ) կենտրոնական վարչության անդամներին՝ ատենապետ Համբիկ Սարաֆյանի գլխավորությամբ:
Ողջունելով հյուրերին՝ նախագահ Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել կուսակցության ներկայացուցիչներին համազգային նշանակություն ունեցող գործընթացներում նրանց կատարած աշխատանքի և ներդրած ջանքերի համար:
Նախագահ Խաչատուրյանն ընդգծել է, որ հայաստանյան իշխանությունն անհրաժեշտ քաղաքական կամք ունի հստակորեն շարժվել հարևանների հետ բարիդրացիական և կարգավորված հարաբերություններ հաստատելու ուղիով:
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև համագործակցության օրակարգային հարցերին, ինչպես նաև Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման և առկա խնդիրների չեզոքացման ուղղությամբ անհրաժեշտ քայլերի խթանման կարևորությանը:
Անմիջական մթնոլորտում Հանրապետության նախագահը մանրամասներ է ներկայացրել Հայաստանի տնտեսության, ռազմարդյունաբերության, երկրի պաշտպանական կարողությունների ընդլայնման, տնտեսության դիվերսիֆիկացիայի և այլ ուղղություններով իրականացվող միջոցառումների մասին:
Մտքեր են փոխանակվել ներհայաստանյան հասարակական-քաղաքական զարգացումների պատճառահետևանքային կապերի, տարածաշրջանային և աշխարհաքաղաքական իրողությունների փոխազդեցությունների վերաբերյալ:
Հանդիպման ավարտին ՍԴՀԿ ներկայացուցիչները կրկին վստահեցրել են, որ կուսակցությունն իր կարողություններով պատրաստ է աջակցել Հայաստանի պետականության ամրապնդմանն ու երկրի օրակարգային հարցերի սպասարկմանը: