11/05/2024 18:58
Լրագրողական կազմակերպությունների մանիպուլյացիան իմ հանդեպ արվել է դիտավորությամբ, թե անգրագիտության հետևանքով՝ զրպարտություն է․ Ալեն Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է լրագրողական մի շարք կազմակերպություններ համատեղ հայտարարությանը՝ լրագրողների հանդեպ կիրառված բռնությունների ու ճնշումների առնչությամբ։
«Ծանոթացա մի շարք լրագրողական կազմակերպությունների համատեղ հայտարարությանը՝ լրագրողների հանդեպ կիրառված բռնությունների ու ճնշումների վերաբերյալ։
Ես նույնպես դատապարտում եմ նման դրսևորումները, երբեք դա չեմ արդարացրել և մշտապես հրապարակավ քննադատել եմ: Միևնույն ժամանակ անհասկանալի է, թե ինչ նպատակով է խեղաթյուրվում և աղավաղված մեջբերվում իմ քաղաքական խոսքը, որի ամբողջ իմաստը նույնպես գեղարվեստական ձևով ԱԺ ամբիոնից ներկայացված նման դեպքերի, բարքերի անթույլատրելիությունն էր, նույնիսկ դրա մասին մտածելու անթույլատրելիությունն էր, նույնիսկ ամենաէմոցիոնալ, ջղային և նյարդային իրավիճակում գտնվող մարդու համար:
Անկախ նրանից, թե այս մանիպուլյացիան իմ հանդեպ արվել է դիտավորությամբ, թե արվել է անգրագիտության հետևանքով, այն իրենից ներկայացնում է զրպարտություն, ոչ մի կապ չունի իմ ասածի հետ և ներկայացվելով որպես ենթադրություն՝ փորձ է կատարվում ինձ վերագրել բաներ, որոնք ոչ միայն չեն ասվել, այլ, հակառակը, քննադատվել են իմ կողմից: Խիստ դատապարտելի ոչ պրոֆեսինալ արարք եմ համարում նման գործելաոճը և կոչ անում զերծ մնալ նման արատավոր դրսևորումներից, որոնք արժեզրկում և անլրջացնում են թե՛ հեղինակներին, թե՛ հրապարակված տեքստը:
Իսկ հայտարարության մեջ իմ ասածների վերաբերյալ ենթադրություններ անելուց առաջ, եթե դրանք իրոք այդքան անհասկանալի են, մշտապես կարելի է որևէ ձևով կապ հաստատել ինձ հետ՝ ճշտելու, առավելևս, որ դրա փորձը վաղուց կա »: