11/05/2024 12:57
Խստորեն դատապարտում ենք ԶԼՄ-ների աշխատակիցների դեմ բռնության և հարձակման այս ալիքը․ Հայտարարություն
Լրագրողական մի շարք կազմակերպություններ համատեղ հայտարարություն են տարածել՝ լրագրողների հանդեպ կիրառված բռնությունների ու ճնշումների առնչությամբ։
Այսպես՝ լրագրող Նանե Իսրայելյանը փորձել է մեկնաբանություն ստանալ երթն առաջնորդող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանից, սակայն վերջինս լրագրողին հորդորել է հեռանալ։ Սրբազանի աջակիցներն էլ նույն լրատվամիջոցի օպերատոր Վահե Աղրյանի ձեռքից խլել են տեսախցիկը, հանել չիպը, իսկ սարքը նետել են գետնին ու կոտրել, ապա հայհոյելով հեռացել են։ Ինչպես հայտնել է ՀՀ քննչական կոմիտեն, դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 237-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
Վերջին շաբաթների ընթացքում Տավուշի մարզում իրականացվող սահմանազատման դեմ բողոքի ակցիաներով և դրանց հետ կապված տարատեսակ ընդհարումներով պայմանավորված՝ սա լրատվամիջոցների ներկայացուցիչների հանդեպ բռնության արդեն 6-րդ դեպքն է։
Ընդ որում՝ դրանցից երեքում ոստիկաններն են չարաշահել իրենց լիազորությունները և անհիմն ուժ կիրառել լրագրողների ու օպերատորների դեմ, ևս երեք դեպքում ԶԼՄ-ների ներկայացուցիչների դեմ բռնարարքների են դիմել ակցիաների մասնակիցները, կամ երբ դրանք տեղի են ունեցել ակցիաներից դուրս՝ Բագրատ Գալստանյանի համակիրները։
Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, խստորեն դատապարտում ենք լրատվամիջոցների աշխատակիցների դեմ հարձակումների և բռնությունների այս ալիքը՝ անկախ նրանից, թե ում կողմից են դրանք իրականացվում։
Համոզված ենք, որ այդ գործողությունների համար պարարտ հող են ստեղծում մի կողմից իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչների, մյուս կողմից՝ ընդդիմադիր գործիչների և բողոքի ակցիաներն առաջնորդողների կոշտ հռետորաբանությունն ու անզգույշ արտահայտությունները ԶԼՄ-ների հասցեին։
Բերենք ընդամենը երկու օրինակ։ Մայիսի 6-ին Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանի ամբիոնից ասաց․ «Գիտեք ես չե՞մ ուզում լրագրող ծեծել, ես դրա իրավունքը չունեմ, ես դրա մասին մտածելու իրավունք չունեմ․․․»։
Կարելի է ենթադրել՝ եթե ԱԺ նախագահը լրագրող ծեծելու իրավունք ունենար, նա դա կաներ, որովհետև այդպիսի ցանկություն ունի։ Իսկ մայիսի 10-ին Երևանի Հանրապետության հրապարակում Բագրատ Գալստանյանն ամբիոնից «Araratnews.am» կայքի պատասխանատուներին անվանել է «տականք» և «մարդասպան»՝ իր խոսքերն աղավաղելու համար։ Այս բառապաշարն ակնհայտորեն վիրավորական է, սադրող բնույթ է կրում և կարող է ԶԼՄ-ների ներկայացուցիչների հանդեպ նոր բռնություններ հրահրել։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ կոչ ենք անում․
Վերջին օրերի բողոքի ակցիաները գլխավորող հոգևորական և քաղաքական գործիչներին՝ պատասխանատվություն վերցնել ցուցարարների գործողությունների համար, կառավարել իրավիճակը՝ ապահովելով աջակիցների վարքի պարկեշտությունն ու օրինականությունը, այդ թվում՝ լրագրողների հետ հարաբերվելիս, ԶԼՄ-ներին՝ առավել պատասխանատվություն, անաչառություն և նրբանկատություն ցուցաբերել երկրում ստեղծված հասարակական-քաղաքական իրավիճակը լուսաբանելիս, խստորեն հետևել լրագրողական էթիկայի նորմերին»։
ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ