13/05/2024 22:14
Հակաֆոսֆոլիպիդային համախտանիշ. Ինչպես է արտահայտվում
Հակաֆոսֆոլիպիդային համախտանիշը արյան հիվանդություն է, որը բարձրացնում է արյան մակարդուկների առաջացման ռիսկը, իսկ կանանց մոտ՝ նաև հղիության հետ կապված խնդիրները։
Հիվանդությանը տրվում են նաև այլ անվանումներն՝ ֆոսֆոլիպիդային համախտանիշ, հակաֆոսֆոլիպիդային հակամարմինների համախտանիշ, Հյուզի համախտանիշ և այլն։
Հակաֆոսֆոլիպիդային համախտանիշի ժամանակ իմունային համակարգը սխալմամբ ստեղծում է հակամարմիններ, որոնք վնասում են սեփական հյուսվածքները: Այս հակամարմինները կարող են առաջացնել արյան մակարդուկներ (թրոմբներ) զարկերակներում և երակներում:
Արյան մակարդուկներ կարող են առաջանալ ոտքերում, թոքերում և այլ օրգաններում, ինչպիսիք են երիկամները և փայծաղը: Դրանք կարող են հանգեցնել սրտամկանի ինֆարկտի, ինսուլտի և այլ առողջական խնդիրների: Հղիության ընթացքում հակաֆոսֆոլիպիդային համախտանիշը նաև կարող է հանգեցնել վիժման և մեռելածնության: Որոշ մարդիկ, ովքեր ունեն համախտանիշ, չունեն գանգատներ կամ ախտանիշներ:
Այս հազվադեպ հանդիպող վիճակի համար բուժում չկա, սակայն դեղամիջոցները կարող են նվազեցնել արյան մակարդման և վիժման վտանգը:
Հակաֆոսֆոլիպիդային համախտանիշի գանգատներն ու ախտանիշները կարող են ներառել հետևյալը.
Արյան մակարդուկներ ոտքերում. խորանիստ երակների թրոմբոզի (ԽԵԹ) նշանները ներառում են ցավ, այտուց և կարմրություն: Այս թրոմբները կարող են տեղաշարժվել դեպի թոքեր (թոքային էմբոլիա):
Կրկնվող վիժումներ կամ մեռելածնություն. հղիության մյուս բարդությունները ներառում են վտանգավոր բարձր արյան ճնշումը (պրեէկլամպսիա) և վաղաժամ ծննդաբերությունը:
Ինսուլտ. ինսուլտ կարող է առաջանալ երիտասարդի մոտ, ով ունի հակաֆոսֆոլիպիդային համախտանիշ, սակայն չունի սրտանոթային հիվանդությունների ռիսկի գործոններ:
Անցողիկ իշեմիկ գրոհ. ի տարբերություն ինսուլտի, ԱԻԳ-ն սովորաբար տևում է ընդամենը մի քանի րոպե և մշտական վնաս չի պատճառում:
Ցան. որոշ մարդկանց մոտ առաջանում է կարմիր ցան՝ ժանյակավոր, ցանցանման նախշով (ցանցավոր լիվեդո):
Ավելի քիչ տարածված գանգատներն ու ախտանիշներից են՝
Նյարդաբանական ախտանիշներ. քրոնիկ գլխացավեր, ներառյալ միգրենային, դեմենցիա և ցնցումներ հնարավոր են, երբ արյան մակարդուկն արգելափակում է արյան հոսքը դեպի գլխուղեղի շրջաններ:
Սրտանոթային հիվանդություն. հակաֆոսֆոլիպիդային համախտանիշը կարող է վնասել սրտի փականները:
Արյան թիթեղիկների ցածր քանակություն (թրոմբոցիտոպենիա). արյան մակարդման համար անհրաժեշտ արյան բջիջների այս նվազումը կարող է առաջացնել արյունահոսության դրվագներ, հատկապես քթից և լնդերից: Մաշկի մեջ արյունահոսությունը կհայտնվի փոքր կարմիր կետերից կազմված բծերի տեսքով:
Քթից կամ լնդերից անբացատրելի արյունահոսությունը, անսովոր առատ դաշտանը, փսխումը, որը վառ կարմիր է կամ նման է սուրճի նստվածքի, սև, ձութանման կամ վառ կարմիր կղանքը՝ ուղեկցվող որովայնի անբացատրելի ցավերով, նշաններ են, որոնք հուշում են անհապաղ բժշկի դիմելու անհրաժեշտության մասին:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն