13/05/2024 12:00
ԵԱՀԿ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին՝ ԵԱՀԿ անվտանգային բոլոր երեք ուղղություններով. ԵԱՀԿ գործող նախագահ
Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և համապարփակ խաղաղության ձեռքբերումը մնում է ԵԱՀԿ-ի առաջնահերթությունը, այս մասին ԱԳՆ-ում հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ԵԱՀԿ գործող նախագահ Իեն Բորջը:
«Երկխոսությունն ու դիվանագիտությունը միակ ճանապարհն է։ Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է՝ համապարփակ և տևական կարգավորման հասնելու համար։
Սահմանազատման ուղղությամբ կատարված առաջխաղացումները, միանշանակ, արժեքավոր քայլ են այդ ճանապարհին։ Վաղը Բաքվում իմ ադրբեջանցի զրուցակիցներին կոչ կանեմ վստահելի և կայուն հանձնառություն ունենալ բանակցություններին։ Տասնամյակներ տևող հակամարտությունից և տառապանքից հետո խիստ հրամայական է գոյանում, որ Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդները վերջապես հասնեն խաղաղության, անվտանգության և բարգավաճման, որին իրապես արժանի են։ Պատրաստ ենք շարունակաբար աջակցել Հայաստանին՝ ԵԱՀԿ անվտանգային բոլոր երեք ուղղություններով և բարձրացնել կազմակերպության ազդեցությունը հենց տեղում»,-ասաց ԵԱՀԿ գործող նախագահը։
Դիմելով Արարատ Միրզոյանին՝ Իեն Բորջն ասաց.
«Դուք կարող եք Ձեր հույսը դնել մեր աջակցության վրա, ճիշտ այդպես ես եմ Ձեզ վրա իմ հույսը դնում։ Վստահեցնում եմ, որ նպատակն է նպաստել խաղաղությանն ու կայունությանը՝ այս դժվարին ժամանակներում»։