13/05/2024 12:22
Այդ դիվանագետները, հավանաբար, այն դասալիքներն էին, ովքեր ՀՀ սուվերեն տարածքի վրա ռազմական ագրեսիայի ժամանակ լքեցին խրամատը․ Միրզոյանի արձագանքը
Ես շարունակաբար ջանքեր եմ գործադրում չներքաշվելու ներքաղաքական որոշ գործընթացների մեջ, բայց ես էլ քաղաքական թիմի անդամ եմ և քաղաքական պաշտոն եմ զբաղեցնում և ջանքեր եմ գործադրում քաղաքական բանավեճի մեջ չանցնել բարեկրթության սահմանները, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ արձագանքելով նախկին դիվանագետների այն հայտարարությանը, թե դելիմիտացիայի գործընթացը լեգիտիմ չէ և հակաիրավական է։
«Բայց հիմա մի երկու շատ չոր փաստային արձանագրում չանել չեմ կարող։ Ձեր նշած փորձառու դիվանագետները, հավանաբար, այն դասալիքներն էին, որ լքեցին իրենց պաշտոնները, իրենց բաժին հասած խրամատն այն օրերին, երբ ՀՀ սուվերեն տարածքի վրա տեղի էր ունենում ռազմական ագրեսիա:
Այս փաստից հիշատակումից հետո որևէ կաթիլ լրջություն այդ մարդկանց և իրենց դիրքորոշումների նկատմամբ չեմ կարող ունենալ։ Եվ սա, ամենամեղմ գնահատականն է, որ ինձ կարող եմ թույլ տալ հնչեցնել։ Բայց իրականությունն ավելի վատ է։ Այդ մարդիկ շարունակում են ականահարել ՀՀ ինքնիշխանությունը, պետականությունը, տարածքային ամբողջականությունը՝ չգիտակցելով կամ այլ երկրի ուղղակի թելադրանքով»,-ասաց Արարատ Միրզոյանը։