13/05/2024 17:40
Ալեն Սիմոնյան․ «Հայաստանը որդեգրել է խաղաղության օրակարգ»
Խորհրդարանի մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում նշված է․
«ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 13-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի արտաքին գործերի, եվրոպական հարցերի եւ առեւտրի նախարար Իեն Բորջի գլխավորած պատվիրակությանը:
Շնորհավորելով ԵԱՀԿ նախագահության ստանձնման կապակցությամբ` Ալեն Սիմոնյանն Իեն Բորջին մաղթել է արդյունավետ աշխատանք, ընդգծել, որ Հայաստանը պատրաստակամ է աջակցել ԵԱՀԿ պատասխանատվության գոտում խաղաղության եւ կայունության ապահովմանն ուղղված ջանքերին:
«Հայաստանը որդեգրել է եւ հավատարիմ է խաղաղության օրակարգին: Հուսով եմ, որ ԵԱՀԿ նախագահության շրջանակում Ձեր ուշադրության կենտրոնում կպահեք Հարավային Կովկասի տարածաշրջանը եւ անհրաժեշտ գործիքակազմի կիրառմամբ կխթանեք Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ երկարատեւ խաղաղության հաստատման գործընթացը»,- ասել է խորհրդարանի ղեկավարը:
ԱԺ նախագահը զրուցակցին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը, Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց Հայաստան վերադառնալու հրամայականը:
Իեն Բորջը նշել է, որ ԵԱՀԿ գործիքակազմի եւ իրավազորության շրջանակում կազմակերպությունը պատրաստ է աջակցել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին:
Քննարկվել է ԵԱՀԿ-ի եւ Հայաստանի միջեւ համագործակցությանը, Հայաստան-Մալթա միջխորհրդարանական հարաբերությունների սերտացմանը, Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացին եւ տարածաշրջանում անվտանգային իրավիճակին վերաբերող հարցերի լայն շրջանակ»։