14/05/2024 20:09
«Մեր անհամաձայնությունը պիտի հայտնենք սահմանազատման-սահմանագծման այս ապօրինի գործընթացին»․ Բագրատ Սրբազանը կոչ արեց վաղը, ժամը 16։00-ին լինել Օպերային թատրոնի մոտ
Սուրբ Աննա եկեղեցու բակում պայքարին միացած քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ Բագրատ Սրբազանը տեղեկացրեց՝ վաղը, ժամը 17։00-ին միջազգային համաժողով է կայանալու Օպերային թատրոնի դահլիճում, որտեղ ելույթով պիտի հանդես գա Հայաստանի գործող կառավարության ղեկավարը։ Բագրատ Սրբազանն ընդգծեց՝ կարևոր է մեկ ժամ շուտ՝ 16։00-ին լինել այնտեղ և ընդվզում ու բողոք հայտնել, ցույց տալ, որ ժողովուրդը դեմ է սահմանազատման ու սահմանագծման այն պրոցեսին, որին իշխանությունը համաձայնել է։
«Քաղաքացիները՝ յուրաքանչյուրը, հնարավորություն ունի այնտեղ գտնվելու և իր անհամաձայնությունը, բողոքը հայտնելու, հստակ կերպով ցույց տալու, որ այն՝ ռազմավարություն կդնեք անունը, թե քաղաքականություն, որը վերաբերում է մեր երկրի սահմանազատման- սահմանագծման այս ապօրինի գործընթացին, դրան մենք համաձայն չենք, և մեր անհամաձայնությունը պետք է հայտնենք։ Հոծ թվով պետք է ներկա լինենք և այնտեղ՝ այդ պահին ուղղակիորեն ընդվզում հայտնենք, որ սա անընդունելի է մեզ համար, և միջազգային հանրությունը տեսնի, թեպետ իրենք լավ գիտեն»,- ասաց Սրբազանը։