14/05/2024 17:34
«Մեր ներկայությունը Հայաստանում պահպանվում է՝ ի դեմս սահմանապահների»․ Բորտնիկով
Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ՌԴ ԱԴԾ սահմանային անցակետը առաջիկայում կփակվի, դուրս կբերվեն նաև տարբեր վայրերում տեղակայված սահմանապահները, հայտարարել է ՌԴ ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը՝ Դաշնային խորհրդի լիագումար նիստի ժամանակ։
Նա հիշեցրել է, որ հայկական կողմն է դիմել Ռուսաստանին՝ ռուս սահմանապահների ժամանակավոր օպերատիվ խմբերը դուրս բերելու խնդրանքով։
«Որոշումն ընդունվել է»,- այս առնչությամբ ասել է Բորտնիկովը՝ մասնավորեցնելով, որ «Զվարթնոց» օդանավակայանից սահմանապահները դուրս կբերվեն մոտ ժամանակներս։
Միևնույն ժամանակ ՌԴ ԱԴԾ տնօրենը նշել է հայկական կողմի մեկ այլ խնդրանքի մասին, որ Իրանի և Թուրքիայի հետ Հայաստանի սահմանը հսկող ռուս սահմանապահները մնան ու շարունակեն իրենց ծառայությունը։
«Մեր ներկայությունը, ի դեմս սահմանապահների, Հայաստանում մնում է»,- այս առնչությամբ ասել է Բորտնիկովը։