14/05/2024 17:19
Եվրոպան խստացնում է միգրացիոն քաղաքականությունն ու օրենսդրությունը․ ԵՄ խորհուրդը հաստատել է պակտը
ԵՄ խորհուրդը վերջնականապես հաստատել է Միգրացիայի և ապաստան տրամադրելու մասին պակտը, որը նախատեսում է ԵՄ-ում միգրացիոն քաղաքականության և օրենսդրության խստացում։
«ԵՄ խորհուրդը հավանություն է տվել եվրոպական միգրացիոն քաղաքականության արմատական բարեփոխմանը։ Այն մի շարք կանոններ է ներառում, որոնցով կարգավորվում է փախստականների ժամանումը՝ կազմակերպված ձևով, սահմանվում է միասնական ընթացակարգ և ապահովվում է միգրանտների ընդունման բեռի արդարացի բաշխում՝ ԵՄ երկրների միջև»,- նշված է կառույցի տարածած հաղորդագրությունում։
Փոփոխությունները մշակվել են 2015 թվականից սկսած, դրանցով սահմանվում են ապաստան ստանալու իրավունք չունեցող փախստականների համար երկրների սահմաններին ճամբարների ստեղծման հիմունքները՝ հետագայում ԵՄ սահմաններից դուրս փաախստականների արտաքսումը հեշտացնելու նպատակով։ Պակտը նաև պարզեցնում է եվրոպական երկրներից բոլոր այն անձանց վտարման ընթացակարգը, որոնց մերժվել է ապաստան կամ կացության թույլտվություն տրամադրել: Բացի այդ, ներդրվում է ԵՄ երկրների միջև միգրանտների քվոտային բաշխման պարտադիր սկզբունքը, սակայն ԵՄ-ի ավելի հարուստ երկրները կարող են նվազեցնել միգրանտների թիվը՝ յուրաքանչյուր չընդունված անձի համար ԵՄ բյուջե վճարելով տուգանք։
Այժմ Եվրահանձնաժողովը պետք է ներկայացնի վերը նշված բարեփոխումները գործնականում կյանքի կոչելու ճանապարհային քարտեզ, իսկ ԵՄ երկրները պետք է այս պակտի դրույթները ներառեն իրենց միգրացիոն օրենսդրության մեջ։