14/05/2024 16:38
Վրաստանի խորհրդարանն ամբողջությամբ ընդունեց «օտարերկրյա գործակալների մասին» աղմկահարույց օրենքը
Վրաստանի խորհրդարանը երրորդ և վերջին ընթերցմամբ հավանություն է տվել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծին. հայտնում է Ռուսթավի 2 հեռուստաալիքը։
Օրենքին կողմ է քվեարկել 84 պատգամավոր, դեմ՝ 30-ը։ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը երկրորդ անգամ է ներկայացրել իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը։ Այն հետ էր կանչվել 2023 թվականի մարտին՝ համատարած բողոքներից հետո, քանի որ ընդդիմության կարծիքով՝ օրինագիծը կրկնում է «օտարերկրյա գործակալների մասին» Ռուսաստանի օրենսդրությունը։
Նշենք, որ օրինագծի քննարկումն ուղեկցվում է Վրաստանում զանգվածային բողոքի ցույցերով։ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն քննադատել են աղմկահարույց օրինագիծը՝ հայտարարելով, որ դրա ընդունումը խոչընդոտ կհանդիսանա Վրաստանի եվրաինտեգրման ճանապարհին։
Օրենքի ընդունումից հետո Թբիլիսիում իրավիճակը կրկին սրվել է։