14/05/2024 11:42
Ազատությունից զրկված մարդն ունի պարտադիր իրավունքներ. Արման Թաթոյանի իրավական պարզաբանումը
Նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը մի քանի կարևոր իրավական պարզաբանում (օգնություն) է ներկայացրել` կապված այս օրերին հավաքների մասնակիցների իրավունքների հետ։
«Ազատությունից զրկված մարդն ունի առնվազն հետևյալ պարտադիր իրավունքները.
- բերման ենթարկելու վայրում (այդ թվում՝ փողոցում) ազատությունից զրկելու պատճառների մասին հասկանալի լեզվով անհապաղ պատշաճ տեղեկացվելը,
- լռելը,
- իր ընտրած անձի անհապաղ տեղեկացվելը բերման ենթարկվածի գտնվելու վայրի մասին,
- փաստաբանի իրավունքը,
- բժշկական հետազոտության ենթարկվելը, այդ թվում՝ սեփական միջոցների հաշվին իր նախընտրած բժշկի կողմից,
- իրավունքների մասին ծանուցվելը:
Մարդն ազատությունից զրկված է համարվում այն պահից, երբ ստիպված է լինում հետևել ոստիկանի կամքին կամ չի կարողանում սեփական կամքով ազատ տեղաշարժվել` փողոցից սկսած:
Ազատությունից զրկելու ժամանակը հաշվարկվում է ոչ թե Ոստիկանության բաժին տեղափոխելու, այլ փողոցում արգելանքի վերցնելու պահից: Այդ ժամանակն ավարտվելուց անմիջապես հետո մարդը պետք է ազատ արձակվի:
Հավաքի կամ այլ վայրից բերման ենթարկված անձն անկախ նրանից՝ Ոստիկանության բաժին է տարվել վարչական, թե քրեական վարույթի շրջանակում, օգտվում է ազատությունից զրկվածի համար իրավունքներից:
Ոստիկանները պետք է լինեն համազգեստով, իսկ նրանց համազգեստին պետք է հստակ տեսանելի լինեն անհատականացնող տվյալներ՝ առնվազն անունը և ազգանունը պարտադիր նշելով:
Ընդ որում, պետք է լինի այնպես, որ քաղաքացին կարողանա ճանաչել կամ նույնականացնել իրեն մոտեցած կամ իրեն բերման ենթարկող Ոստիկանության ծառայողին:
Սա ազատությունից հնարավոր անօրինական զրկելը կամ հնարավոր անօրինական հետապնդումը, ոչ համաչափ ուժի կիրառումը, վատ վերաբերմունքը կանխելուն ուղղված միջազգային կանոն է:
Հավաքների կամ քաղաքացիական այլ ակցիաների վայրերում հասարակական կարգի և մասնակիցների անվտանգությունն ապահովող ոստիկանների թվում դիմակով կամ քաղաքացիական հագուստով ծառայողներ լինել չեն կարող:
Բացառիկ թույլատրելի դեպքերը պետք է լինեն կոնկրետ հիմնավորումներով և ոստիկաններին անհատականացնելու հնարավորությամբ՝ պարտադիր:
Հանրային վայրերում ծառայություն իրականացնող ոստիկանները որևէ պարագայում չպետք է հավաքների կամ այլ ակցիաների կազմակերպիչների կամ մասնակիցների հետ մտնեն «տղայական» խոսակցությունների կամ «ռազբորկաների» մեջ: Պետք է գործեն իրենց իրավական կարգավիճակի սահմաններում' բացառապես:
Եթե քաղաքացիները տեսնում են, որ այլ անձինք փորձում են սադրել բռնություն կամ արդեն տեղի ունեցող բռնության դեպքում պետք է անհապաղ տեղեկացնել Ոստիկանությանը' իրավական ընթացակարգով դա կանխելու կամ այդ անձանց մեկուսացնելու համար:
Եվս մեկ կարևոր պարզաբանում՝ ոստիկանի ավտոմեքենան նույնպես ազատությունից զրկելու վայր է, հետևաբար՝ բոլոր կանոնները տարածվում են նաև ոստիկանի մեքենայի նկատմամբ:
Այս բոլոր կանոնները կիրառելի են նաև ցանկացած իրավապահ մարմնի ծառայողի նկատմամբ:
Կան, իհարկե, բազմաթիվ այլ կանոններ, բայց սրանք միշտ առավել արդիականն են», - նշել է նա։