14/05/2024 10:49
Սահմանային հարցերը պետք է լուծվեն, որպեսզի Ադրբեջանի կողմից ՀՀ-ի դեմ հարձակվելու պատրվակ չդառնան. Մյուլեր
Շվեյցարիայի Ազգային խորհրդի պատգամավոր Շտեֆան Մյուլեր Ալտերմատի կարծիքով՝ հայ-ադրբեջանական սահմանային հարցերն ինչ-որ պահի պետք է լուծվեն, և պետք է հաղթահարվի ստալինյան սարսափելի ժառանգությունը, քանի որ հակառակ դեպքում դրանք միշտ էլ հավանական պատերազմի առիթ կլինեն, որով Ադրբեջանը կարող է հարձակվել Հայաստանի վրա։
Շվեյցարացի պատգամավորը նման կարծիք է հայտնել «Արմենպրես»-ին տված հարցազրույցում։
-Ադրբեջանը խախտել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, հրաժարվում է վերադարձնել հայ ռազմագերիներին, ինչպես նաև շարունակում է ագրեսիվ հայտարարություններ անել, ինչո՞ւ Եվրամիությունը որևէ պատժամիջոց չի կիրառում Ադրբեջանի կամ անձամբ Ալիևի նկատմամբ։
-Անհետաքրքրության և սեփական շահի համակցության պատճառով: Եվրոպան և ԱՄՆ-ն անվտանգության քաղաքականության առումով ամբողջությամբ ընկղմված են Ուկրաինայի և Իսրայելի պատերազմներում։ Իսկ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պատճառով Եվրոպան կախված է նավթի և գազի այլ մատակարարներից։ Եվ հետո կա այն փաստը, որ Ադրբեջանը շատ ակտիվորեն ներգրավված է Եվրոպայի քաղաքական գործընթացներում։ «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է։ Եվ, ցավոք, դա հաջողվում է. արևմտյան քաղաքական գործիչների մեջ կան նաև թույլ մարդիկ, որոնք իրենց արժեքները մի կողմ են նետում մի շարք հարմարությունների համար:
-Որքանո՞վ է կարևոր Հայաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների խորացումը տարածաշրջանի անվտանգության և բարգավաճման համար։ Ինչպե՞ս կգնահատեք ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը։
-Հանդիպումը շատ մեծ նշանակություն ուներ. դա ապացուցեցին ապրիլի 5-ին նախորդող շաբաթվա ընթացքում Ադրբեջանի նյարդային սադրանքները։ Եվրոպայի հավատարմությունը Հայաստանի անվտանգությանը վաղուց էր սպասվում: Ի վերջո, Հայաստանը կրկին աշխարհաքաղաքական իրավիճակի գրավատուն է։ 2018 թվականին երկիրը հստակ որոշում կայացրեց հօգուտ ժողովրդավարության և օրենքի գերակայության: Նաև արևմտյան արժեքների հանրության խնդիրն է այս երկիրը պաշտպանել, երբ շրջապատող ավտորիտար պետությունները, որոնք դեմ են ժողովրդավարությանը և օրենքի գերակայությանը, հարձակվում են: Ռուսաստանը՝ որպես ավտորիտար բլոկի առաջատար ուժ, կանի իրենից կախված ամեն ինչ Հայաստանն իր ձեռքում պահելու համար։ Այդ իսկ պատճառով Եվրամիության հետ արագ և արդյունավետ բանակցությունները չափազանց կարևոր են։ Եվ, երբ ես ասում եմ «արագ», ես, անշուշտ, կարող եմ ժամկետ նշել. Հայաստանին Արևմուտքից անհրաժեշտ են անվտանգության համապարփակ երաշխիքներ մինչև Բաքվում COP29-ի (Կլիմայի փոփոխության գագաթնաժողով) ավարտը, քանզի ես շատ վստահ եմ, որ Ալիևը COP29-ից հետո կկորցնի ցանկացած ընկերական դեմք, և որ Պուտինը նույնպես կստիպի նրան բռնի գործողությունների դիմել։ Բայց Հայաստանի համար հետդարձի ճանապարհ չկա։ Դրա համար էլ Արևմուտքը պետք է իսկապես արագորեն իր ‹‹գույները›› ցույց տա Հայաստանի համար։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։