14/05/2024 10:17
«Ժողովուրդ». Դատավոր Աննա Դանիբեկյանի դեմ հարուցված կարգապահական վարույթը ուղարկվել է ԲԴԽ
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի դեմ հարուցված կարգապահական վարույթը ուղարկվել է ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդ։
Ի՞նչ է սպասվում Ռոբերտ Քոչարյանի գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանին։ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ արդարադատության նախարարը մարտի 1-ից ՀՀ առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործը քննող, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցել, և այն այս պահին ուսումնասիրում են։ Ավելին՝ ըստ մեզ հասած լուրերի՝ վարույթի հարուցման հիմքը «Մարտի 1-ի» գործն է։ «Ժողովուրդ» օրթաթերթը դիմել էր ՀՀ արդարադատության նախարարություն, որտեղից հայտնել էին, թե կարգապահական վարույթների մասով տեղեկությունները հրապարակման ենթակա չեն»: Մնում է սպասել, թե դատավորների անկախությունը ապահովելուն կոչված ԲԴԽ-ն ի՞նչ վարքագիծ կդրսևորի. կպատժի՞ դատավորին, թե՞ կների՝ Քոչարյանի գործով ինչ-ինչ որոշումների համար»։