14/05/2024 14:07
Լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը՝ մայիսի 13-ին ԶԼՄ-ների ներկայացուցիչների հանդեպ կիրառված բռնությունների առնչությամբ
Լրագրողական կազմակերպությունները հայտարարություն են տարածել․
«Մայիսի 13-ին Երևանում ընթացող բողոքի ակցիաները ցրելիս Ոստիկանության Հատուկ նշանակության գումարտակի ծառայողները խոչընդոտել են այդ իրադարձությունները լուսաբանող՝ ABCmedia.am լրատվական կայքի օպերատոր Մհեր Դավթյանի և 24news․am-ի լրագրող Մերի Մանուկյանի աշխատանքը։ Մասնավորապես՝ հրելու և գետնին գցելու արդյունքում Մերի Մանուկյանը վնասվածք է ստացել, կորցրել գիտակցությունը։ Թեև ոստիկաններն առաջին օգնություն են ցուցաբերել, այդուհանդերձ, անհրաժեշտություն է եղել լրագրողին հոսպիտալացնել։
Տավուշի մարզում իրականացվող սահմանազատման հետ կապված բողոքի ակցիաների սկզբից ի վեր արձանագրվել է ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ հարձակումների և բռնությունների 8 դեպք, ընդ որում դրանցից 5-ը՝ իրենց լիազորությունները չարաշահած իրավապահների կողմից։
Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, խստորեն դատապարտելով լրագրողների և օպերատորների դեմ ոչնչով չարդարացված ուժի կիրառումը, արձանագրում ենք, որ չնայած ծառայողական քննություն անցկացնելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու բազմաթիվ պահանջներին՝ ոստիկանությունը մինչ օրս հանրությանը չի տեղեկացրել այդպիսի գործընթացի կամ դրա արդյունքների մասին։
Հաշվի առնելով վերոգրյալը՝ Ներքին գործերի նախարարությունից պահանջում ենք․
հանդես գալ հաղորդագրությամբ և տրամադրել տեղեկություններ ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ ոստիկանության ծառայողների կողմից կիրառված բռնությունների դեպքերի քննության վերաբերյալ,
գործուն միջոցներ ձեռնարկել զանգվածային ակցիաների ընթացքում լրագրողների և օպերատորների անխոչընդոտ աշխատանքն ապահովելու, նրանց դեմ բռնությունները բացառելու ուղղությամբ։
Նկատի ունենալով, որ երկրում տեղի ունեցող զանգվածային ակցիաները միտում ունեն շարունակվելու, իսկ դրանք, ցավոք, հաճախ ուղեկցվում են նաև ԶԼՄ-ների գործունեության խոչընդոտումներով, մենք ուշադրությամբ հետևելու ենք իրադարձություններին, արձանագրելու ենք բոլոր փաստերը և դրանք մեր գնահատականներով հանդերձ՝ պարբերաբար ներկայացնելու ենք հանրությանը»։
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե
Երևանի մամուլի ակումբ
Մեդիա նախաձեռնությունների կենտրոն
Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ-Հայաստան
Հանրային լրագրության ակումբ
«Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ
«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ
Գորիսի մամուլի ակումբ