15/05/2024 15:52
Վահե Ղազարյանն ընդունել է ԵԽ Երևանյան գրասենյակի ղեկավարին
Մայիսի 15-ին Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ընդունել է ԵԽ Երևանյան գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեին։
Նախարարը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի՝ Երևանյան գրասենյակի հետ ձևավորված վաղեմի և արդյունավետ համագործակցությունը և շնորհակալություն է հայտնել Ներքին գործերի նախարարության ձևավորումից կարճ ժամանակ անց Եվրոպայի խորհրդի հետ համագործակցության հավակնոտ օրակարգի ձևավորման համար, որի արդյունքներն արդեն տեսանելի են։
Վահե Ղազարյանը համոզմունք է հայտնել, որ սերտ փոխգործակցությունը կնպաստի գործընկերության խորացմանը և ընդլայնմանը՝ հատկապես օրինականության ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության, Ներքին գործերի նախարարությունում իրականացվող բարեփոխումների ոլորտներում:
Մաքսիմ Լոնգանգեն շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և շնորհավորանքի համար՝ նույնպես բարձր է գնահատել ՆԳ նախարարության հետ սերտ համագործակցությունը: Նա ներկայացրել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2023-2026 թթ. գործողությունների ծրագիրը, որում մեծ ներգրավվածություն ունի ՆԳ նախարարությունը։
Կողմերը մտքեր են փոխանակել համագործակցության մի շարք ուղղությունների՝ Ոստիկանության գվարդիայի ձևավորման, փախստականների իրավունքների պաշտպանության, երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտների վերաբերյալ։
Առանձնացնելով հատկապես ընտանեկան բռնության դեմ պայքարի ոլորտը՝ ԵԽ Երևանյան գրասենյակի ղեկավարը շնորհակալություն է հայտնել ոլորտի բարելավման ուղղությամբ կատարված աշխատանքի համար։
Կարևորելով բոլոր ուղղություններով կատարվող աշխատանքները՝ ՆԳ նախարարն առանձնացրել է հատկապես Ոստիկանության գվարդիայի ստեղծման, օրենսդրական դաշտի կարգավորման և անձնակազմի կարողությունների զարգացման անհրաժեշտությունը։
Հանդիպմանը ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը ներկայացրել է Ոստիկանության գվարդիայի ստեղծման ուղղությամբ կատարված աշխատանքները և մատնանշել նախատեսվող ծրագրերը։
Կողմերը պլանավորել են շարունակելու աշխատանքները՝ ծառայողների կարողությունների զարգացման, ստանդարտների նորացման ուղղությամբ։
Քննարկվել են նաև Մարդու իրավունքների պաշտպանությանն ու ՄԻԵԴ վճիռների ապահովման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին, ազատությունից զրկված անձանց նկատմամբ խոշտանգումների և վատ վերաբերմունքի հնարավոր դեպքերի փաստաթղթավորմանը, ընտանեկան բռնության դեմ պայքարին առնչվող, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել ամրապնդել արդեն իսկ առկա ձեռքբերումներն ու ընդլայնել համագործակցության օրակարգը։