15/05/2024 10:16
«ԵՄ առաքելությունը Հայաստանում հիբրիդային պատերազմի գործիք է». ՌԴ փոխարտգործնախարար
Ցավոք սրտի, մեր մտավախությունները հաստատվեցին՝ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը փաստացի վերածվել է կիսապատերազմական արևմտյան գործողության՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրների ներգրավմամբ և կասկածելի նպատակներով։ Անձնակազմն արդեն կրկնապատկվել է, նոր հենակետեր են բացվում։ Բոլորովին վերջերս կնքվեց համաձայնագիր ՀՀ-ում ԵՄ ներկայության կարգավիճակի մասին՝ ապահովելով նրան Հայաստանի տարածքում գործելու ազատություն: Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Այն փաստը, որ առաքելությունը հանդիսանում է ԵՄ հիբրիդային պատերազմի գործիք, հաստատում է դրա գաղտնիությունը, հաշվետվողականության բացակայությունը և վերահսկողության բացակայությունը թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի, թե՛ այլ շահագրգիռ երկրների և կառույցների կողմից։ Առաքելությունը բացահայտ սադրիչ գործունեություն է ծավալում, ամբողջությամբ զբաղվում է հակառուսական քարոզչությամբ՝ հայ հասարակության մեջ կեղծ գաղափարներ սերմանելով Եվրամիության՝ որպես Հայաստանի «անվտանգության և բարգավաճման աղբյուրի» մասին։ Ավելին, ԵՄ անդամների գործունեությունը գնալով ստանում է հակաադրբեջանական և հակաիրանական բնույթ»,-ասել է նա։
Խոսելով երկարաժամկետ տարածաշրջանային անվտանգության, կայունության և սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների մասին Գալուզինն ասել է, որ տարածաշրջանը ռազմականացնելու և այնտեղ ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի ռազմաքաղաքական ազդեցությունն ընդլայնելու արևմտյան երկրների ծրագրերը լիովին անհամապատասխան են դրանց․ «Հարավային Կովկասի բարգավաճման բանալին ներառական երկխոսությունն է, մասնավորապես «3+3» հարթակի շրջանակներում, ի հայտ եկած խնդիրների հավաքական պատասխանների որոնումը և արտատարածաշրջանային ուժերի աշխարհաքաղաքական թելադրանքին հակազդելը»,- ասել է նա։