15/05/2024 14:36
Արևմուտքը Վրաստանին քննադատում է, ՀՀ-ում զանգվածային ձերբակալությունների վերաբերյալ քար լռություն է․ Զախարովա
Մենք միշտ ասում ենք, որ այս կամ այն երկրում ներքաղաքական կյանքն ինքնիշխան պետության ներքին գործն է, սակայն տվյալ պարագայում Արևմուտքի արձագանքն ապշեցնում է իր կայունությամբ. մեկնաբանելով ՀՀ-ում շարժումն ու բողոքի ակցիաները՝ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Բանն այն է, որ խոսքը հերթական երկակի ստանդարտների մասին է, և այս օրինակը լավագույնս ցուցադրում է այդ ամենը: Տեսեք՝ ԵՄ-ի և ԱՄՆ-ի պաշտոնական ներկայացուցիչները բառացիորեն ամեն օր հարձակվում են Վրաստանի իշխանությունների վրա՝ իբրև թե ցուցարարների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար։ Իսկ ի՞նչ ենք տեսնում Հայաստանի դեպքում. Արևմուտքի քար լռությունը՝ երկրում տեղի ունեցող զանգվածային ձերբակալությունների ֆոնին, այնտեղ նաև կոշտ ուժ է կիրառվում: Կարծես թե Արևմուտքը մի կոճակն անջատել է», - ասել է Զախարովան:
Ըստ նրա՝ «արևմտյան հայտնի լրատվամիջոցները հրահանգով թեժացնում են Վրաստանում ցույցերի թեման», իսկ ինչ վերաբերում է Հայաստանում բազմահազարանոց բողոքի ակցիաներին, ապա արևմտյան առաջատար ԶԼՄ-ները կարծես թե դրանք ստվերում են թողնում՝ ձևացնելով, թե այնտեղ ոչինչ տեղի չի ունենում: