15/05/2024 13:26
Թող դագաղի մեջ պառկած ոչ մի կիրանցեցու անունից ելույթներ չունենան. կիրանցեցիները՝ ՔՊ պատգամավորներին
Թող դագաղի մեջ պառկած ոչ մի կիրանցեցու անունից ելույթներ չունենան, թե իբր կիրանցեցիները գոհ են սահմանագծումից. լրագրողների հետ զրույցում ասաց Կիրանց համայնքի բնակիչներից մեկը՝ դիմելով իշխանական պատգամավորներին։
Մեկ այլ բնակիչ հորդորեց նույն պատգամավորներին փոխանցել, որ կիրանցեցիների անունից սուտ տեղեկություններ չասեն, որ կիրանցեցիները գոհ են սահմանագծումից, սահմանազատումից։
«Տենց բան գոյություն չունի։ Հրավիրում ենք ցանկացած պատգամավորի՝ գան այստեղ, տեսնենք՝ ո՞ր կիրանցեցին է գոհ։ Ես դա խոսում եմ բոլոր կիրանցեցիների մտքով՝ ոչ մեկ ո՛չ համաձայն է, ո՛չ ուրախ է։ Կիրանցեցոնց ասելիքն այն է, որ եթե սահմանգծում են՝ երկկողմանի լինի, մենք էլ լիքը հողեր ունենք, դե թող մենք էլ դրանց տիրանանք»,-ասաց նա։
Տեղացիները նշեցին, որ շատ մանրամասների չեն տիրապետում. «Միայն լսել ենք, որ ամսի 15-ի դրությամբ պետք է վերջնական սահմանագծում լիներ, բայց ինչպես տեսնում ենք՝ ոչինչ չեն անում, սառեցված է, չգիտենք՝ ինչի համար։ Մեզ չեն թույլատրում առաջանալ»,-ասաց կիրանցեցին և նշեց, որ ինչքանով տեղյակ են՝ եղած գործընթացից սահմանազտման գործընթացն ի շահ Ադրբեջանի է։