15/05/2024 21:18
Պետական առանձնապես ծանր հանցագործություն է կատարվում․ պետք է ոչ միայն հասնենք կասեցմանը, այլև բուն պատճառի վերացմանը, հեռացմանը․ Մենք խաղ անելու ժամանակ չունենք․ Բագրատ Սրբազան
«Այս շարժումը, որը Տավուշից սկիզբ է առել ու հասել է Երևան, հստակորեն ոչ միայն խախտել է այս մարդու (Նիկոլ Փաշինյանի-խմբ․) և իր գործընկերոջ (Իլհամ Ալիևի-խմբ․) ծրագիրը, այլև այն շահառու ուժերի, որոնք գտնվում են արտաշխարհում, նրանց ծրագիրը ևս։ Ժողովու՛րդ, այս պահի դրությամբ սա մեծագույն ձեռքբերում է, այն հաղթանակն է, որի վրա մենք պետք է կանգնենք ու շարունակենք մեր ճանապարհը։ Եվ դա ձե՛ր ձեռքբերածն է, ձե՛ր կատարածը»,- Սուրբ Աննա եկեղեցու բակում, դիմելով Համազգային պայքարի մասնակիցներին, ասաց Բագրատ Սրբազանը։
Այնուհանդերձ, ինչպես նշեց Սրբազանը, «սահմանազատման» ապօրինի ընթացքը շարունակելու վտանգը, հանցագործության վատնգը ամբողջությամբ չի վերացել, ուստի պետք է մինչև վերջ գնալ՝ այն վերացնելու համար։
«Ինչ որ տեղի է ունենում, պետական առանձնապես ծանր հանցագործություն է, որի վերաբերյալ հաղորդում է ներկայացվել Գլխավոր դատախազություն։ Հանցագործություն է, լավ հիշեք այս բառը։ Հստակ է, որ շարունակվող այս հանցագործությունը կարող է կասեցվել միայն ու միայն այս պայքարով․ ուրիշ ձև ու հնարավորություն մենք չունենք։ Մենք պետք է ոչ միայն վերջնականապես հասնենք գործընթացի, որը ես համարում եմ ծրագիր, դադարեցմանն ու կասեցմանը, այլև բուն պատճառի վերացմանը, հեռացմանը։ Մենք խաղ անելու ժամանակ չունենք, ժողովուրդ ջան»,- ասաց Բագրատ Սրբազանը։