15/05/2024 22:26
Վրաստան այցելելիս կյանքի և առողջության պարտադիր ապահովագրություն կատարելու պահանջը դեռ չի գործի․ Հունիսի 1-ի ժամկետը չեն հաստատել
Վրաստան այցելող զբոսաշրջիկների համար կյանքի և առողջության պարտադիր ապահովագրության համար սահմաանվաած ժամկետը՝ հունիսի 1-ը, չի հաստատվել։ Այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
«Վրաստան այցելող զբոսաշրջիկների համար կյանքի և առողջության պարտադիր ապահովագրության ներդրման հարցը քննարկվել է Վրաստանի իրավասու գերատեսչությունների հետ:
Օրենքի կիրարկման ժամկետների վերաբերյալ առայժմ հստակ ժամանակացույց առկա չէ. մամուլում շրջանառվող՝ հունիսի 1-ի ժամկետ հաստատված չէ, դիտարկվում են ավելի ուշ ժամկետներ: Վրաստանի իշխանությունները գործընթացի և մանրամասների վերաբերյալ նախապես պաշտոնապես կտեղեկացնեն Հայաստանի իրավասու մարմիններին՝ ՀՀ քաղաքացիներին պատշաճ ժամկետում իրազեկելու նպատակով»,- հայտնել է ԱԳՆ խոսնակը։