15/05/2024 19:00
Ամենամեծ վնասն են ձեզ հասցրել՝ ասելով, թե անզոր եք, ոչինչ չեք կարող փոխել․ Հիմա ապացուցեցիք հակառակը․ Բագրատ Սրբազանը՝ պայքարին միացած քաղաքացիներին
Օպերային թատրոնի դահլիճում ընթացող միջազգային միջոցառումն ավարտվեց, Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը հեռացավ քաղաքացիների՝ «Ամոթ, ամոթ» վանկարկումների ներքո։
Բագրատ Սրբազանը, դիմելով հավաքվածներին, նշեց․
«Հայաստանի Հանրապետությունը, դժբախտաբար, կառավարություն և ղեկավար չունի։ Այսպես՝ ոստիկանական պատով սեփական ժողովրդից պաշտպանվելը հենց դրա մասին է, այն մասին է, որ այս ամբողջ շարժումն իր կարևորագույն ազդեցությունն ունի բոլոր գործընթացների վրա՝ դրանք լինեն երկրի ներսում, թե դրսում»։
Սրբազանը շեշտեց՝ միտքը, որն իշխանություններն արհեստականորեն ներշնչել են հասարակությանը, թե իրենք անզոր են, չեն կարող որևէ բան փոխել, սին է, և դա հենց հասարակությունն ապացուցեց։
«Ամենաշատ վնասը, որ մեզ հասցրել են, մեր մտքերը շեղել են, այն է, որ ասել են՝ ոչ մի բանի ընդունակ չեք, չեք կարող ոչինչ անել, անզոր, անկամ, անինքնասեր, վախկոտ մարդիկ եք, սա են ներմուծել մեր կյանք։ Բայց դուք այս օրերին հակառակն եք ասում, ասում եք, որ դուք մերժում եք այդ ամենը, մերժում եք անզոր լինելու այդ թույնը ու փաստում եք՝ քանի մեր այս չքնաղ երկրում իշխանության ղեկին այս մարդն է, ինքը պետք է հանգիստ չպտտվի այս քաղաքում, անընդհատ պետք է լսի, որ սուտ է խոսել, խաբել, մոլորեցրել է և այդ խաբեությամբ է եկել իշխանության»,- ասաց Բագրատ Սրբազանը։
Բողոքի ակցիան շարունակվում է, երթը կշարունակվի դեպի Սուրբ Աննա եկեղեցի, որտեղ էլ Բագրատ Սրբազանը կներկայացնի Շարժման հետագա անելիքները։