16/05/2024 13:01
ՀՀ-ում գտնվող որևէ տարածքի հանձնումը կարող է տեղի ունենալ բացառապես հանրաքվեի միջոցով. Աբրահամյան
ՀՀ-ում գտնվող որևէ տարածքի հանձնումը կարող է տեղի ունենալ բացառապես հանրաքվեի միջոցով. լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Նա նախ նկատեց, որ առանց փաստաթղթի, առանց իրավական հիմքի և համապատասխան ընթացակարգերի Հայաստանն ու Ադրբեջանը Սյունիքում կատարել են ապօրինի սահմանազատում և սահմանագծում և հիմա դրա որոշակի փոփոխված տարբերակը տեղի է ունենում Տավուշում։ «Մինչև սահմանն ամբողջությամբ չդելիմիտացվի, այս գործողությունները հակասում են միջազգային նախադեպերին»,-ասաց նա։
Աբրահամյանը նշեց, որ երեկ կնքված արձանագրությունների հիման վրա զորքերի տեղաշարժը կամ տարածքների հանձնումը օրենքից դուրս է։ «Այդ գործընթացը ենթադրում է լինել հաստատուն, դրանք ուղարկել ՍԴ՝ դրանց սահմանադրականությունը ճշտելու և հետո ԱԺ-ում վավերացնելու համար։ Չեն գնում այդ ճանապարհով, որովհետև երբ նայում ես 2010-ի վարչատարածքային նկարագիրը, հստակ է դառնում, որ ադրբեջանական ներկայացվող հողերը ՀՀ տարածք են համարվում։ ՀՀ որևէ տարածքի հանձնումը կարող է տեղի ունենալ բացառապես հանրաքվեի միջոցով»,-ասաց նա։