16/05/2024 00:20
Վարչապետի աշխատակազմից հաստատում են՝ ճանապարհի «տեղափոխում» են անելու Կիրանցի մոտ, իսկ բնակիչների «գույքային հարցերի ծավալը մեծ չի լինի»
Վարչապետի աշխատակազմից պատասխանել են սահմանազատման հարցերով Հայաստանի եւ Ադրբեջանի հանձնաժողովների մայիսի 15-ին հրապարակված հայտարարության մասին «Արմենպրես»-ի հարցերին:
Հարց – Տավուշի մարզի Կիրանց գյուղում սահմանային ոչ բոլոր սյուներն են տեղադրվել: Այդ հարցը ինչպե՞ս է լուծվելու: Եվ ընդհանրապես Կիրանցի հատվածում հարցերն ինչպե՞ս են լուծվում. նոր ճանապարհ կառուցելու, տներ օտարելու հարց ծագելո՞ւ է:
Պատասխան – Կիրանցի երեք կոորդինատները տեղորոշվել են համակարգչային եղանակով, եւ սյուները կտեղադրվեն ավելի ուշ: Մյուսները տեղադրված են: Կիրանցի համար նպաստավոր լուրը մասնավորապես այն է, որ մոտ 25 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողեր, որոնք վերջին 33 տարում անհասանելի են եղել Կիրանցի համար, կվերադարձվեն գյուղին: Սահմանի նկարագրությունն այնպիսին է, ինչպիսին կա 1976 թվականի քարտեզով: Ինչպես ասվել է, ճանապարհի տեղափոխման խնդիր, այո, առաջանալու է, որը հնարավոր է իրականացնել 2-3 ամսում: Կհիմնանորոգվի նաեւ Հ-26 ավտոճանապարհից դեպի Աճարկուտ, ապա Կիրանց տանող ճանապարհը, որն այլընտրանքային է Կիրանցի համար: Ինչ վերաբերում է գույքային հարցերին, դրանց ծավալը մեծ չի լինի, եւ կառավարությունը բոլոր նման դեպքերում կփոխհատուցի քաղաքացիների կրած վնասները, ըստ նրանց նախընտրության գույքային կամ ֆինանսական եղանակով: Կառավարության ներկայացուցիչները առավոտից արդեն կգույքագրեն հնարավոր խնդիրները եւ կսկսեն քննարկումները Կիրանցի բնակիչների հետ: