16/05/2024 18:58
«Ես թուրքին չեմ ծախվում»․ Տունը կորցնող Կիրանցի բնակչուհին՝ «փոխհատուցման» մասին
Նիկոլին երբ հանդիպեցինք, մեզ ասեցին՝ եթե տունը ընկնի Ադրբեջանի տարածք, մենք ձեզ կփոխհատուցենք, տուն կտանք: Ես էլ ասել եմ՝ ես թուրքի վրա չեմ ծախվում, Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի փակ հատվածում News..am-ի հետ զրույցում ասել է Կիրանց գյուղի բնակիչ Գոհարը, որի տունը սահմանազատման և սահմանագծման աշխատանքների արդյունքում հայտնվելու է Ադրբեջանի տարածքում:
«Մենք մարզպետի հետ ենք հանդիպում պահանջում, բայց առավոտից մինչև հիմա ինքը չկա: Թո՛ղ գա, ամբողջ ժողովրդի հետ հանդիպի, եթե մաքուր ա»,-ասել է Կիրանցի բնակչուհին՝ նշելով, որ մարզպետը ցանկացել է առանց լրատվամիջոցների ներկայության հանդիպել գյուղացիների հետ:
Հարցին, թե որպես փոխհատուցում ի՞նչ են առաջարկել իրեն, նա պատասխանել է՝ ինչ էլ առաջարկեն, իրեն հարկավոր չէ:
«Ինձ էդ «փոխհատուցում» բառը մի՛ ասեք, ես խանգարվում եմ: Ես թուրքի վրա չեմ ծախվում: Ես Նիկոլը չեմ, որ թուրքի վրա ծախվեմ»,-հավելել է Կիրանցի բնակչուհին:
Շուրջ հինգ ժամ է՝ կիրանցեցիները փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը: Նրանք դեմ են «սահմանազատման» արդյունքներից: