16/05/2024 13:48
Դատախազությունն ընթացք է տվել «ՀայաՔվեի» կողմից հանցագործության մասին հաղորդմանը․ պահանջն ապօրինի սահմանազատման փաստով քրեական վարույթի նախաձեռնումն է
ՀՀ գլխավոր դատախազությունն ընթացք է տվել «ՀայաՔվեի» կողմից հանցագործության մասին հաղորդմանը։ Այդ մասին հայտնում է «ՀայաՔվե» նախաձեռնության խորհուրդը։
«Մայիսի 14-ին «ՀայաՔվե» նախաձեռնությունը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ինչպես նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորած՝ սահմանազատման հանձնաժողովի կողմից պաշտոնեական լիազորությունները վերազանցելու փաստի առթիվ:
Եվ ահա` մեկ օր անց հայտնի դարձավ, որ մեր ներկայացրած հանցագործության մասին հաղորդմանն ընթացք է տրվել։
Հիշեցնենք, որ «ՀայաՔվե» նախաձեռնության պահանջն ապօրինի սահմանազատման փաստով քրեական վարույթի նախաձեռնումն է:
Մենք հետևողական ենք լինելու ՀՀ դատախազության և քննչական մարմինների` Սահմանադրությամբ և օրենքներով իրենց վերապահված լիազորությունների կատարման հարցում` հասնելով սահմանազատման անվան տակ ՀՀ տարածքից միակողմանի զիջումների համար բոլոր մեղավորների քրեաիրավական պատասխանատվությանը»: