16/05/2024 14:00
Ձևավորվում է ՆԳՆ և ԱՄՆ համագործակցության նոր օրակարգ՝ արտակարգ իրավիճակներում պետության դիմակայունությունը բարձրացնելու շրջանակում
ՆԳՆ և ԱՄՆ համագործակցության նոր օրակարգի ձևավորման շրջանակներում ՆԳ նախարարության հրավերով Հայաստան էր այցելել ԱՄՆ Անվտանգային կառավարման ինստիտուտի պատվիրակությունը, որին ընդունել էր փոխնախարար Արփինե Սարգսյանը։
Հանդիպմանը մասնակցում էր նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանության Պաշտպանական գրասենյակի ղեկավար Ջամալ Քանը:
Անդրադառնալով Կառավարության որոշմամբ հաստատված Աղետների ռիսկի կառավարման 2023-2030 թթ. ռազմավարությանը՝ փոխնախարարն ընդգծել է, որ աղետների ռիսկի նվազեցումից և արտակարգ իրավիճակներին արձագանքումից անցում է կատարվել աղետների ռիսկի կառավարմանը, ինչը ենթադրում է բազմաբնույթ աշխատանքի ապահովում թե՛ օրենսդրական, թե՛ գործառնական դաշտում։
Աղետների նկատմամբ դիմակայունության բարձրացման առումով նա կարևորել է պետական կառավարման համակարգի, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների միջև գործառույթների հստակ բաշխումը և համագործակցության բարելավումը:
Արփինե Սարգսյանն անդրադարձել է աղետների ռիսկի կառավարման ոլորտում քարտեզագրման աշխատանքներին, սեյսմիկ ռիսկի ինդեքսավորման գործընթացի իրականացմանը, ինչը թույլ կտա իրականացնել բնակավայրերի սեյսմիկ ռիսկի մոդելավորում՝ հստակ ներկայացնելով երկրաշարժի դեպքում վատթարագույն սցենարները։