16/05/2024 14:59
Ընդդիմության խնդիրն է՝ Փաշինյանի քաղաքական մեկուսացումը. Սուրենյանց
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը գրել է. «Ընդդիմության խնդիրն է՝ Փաշինյանի քաղաքական մեկուսացումը։
Ես չգիտեմ՝ ինչպիսի արդյունք և զարգացումներ կունենա երևելի Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումը:
Այս փուլի համար արձանագրեմ շատ կարևոր երկու հաջողություն.
Մայիսի 9-ի հանրահավաքը, որտեղ մեկտեղվեցին մի քանի տասնյակ հազար քաղաքացիներ՝ պահանջելով Փաշինյանի հեռացումը: Այս հանրահավաքը «բռնեց» Փաշինյանի վախը՝ նրա համար ակներև դարձնելով, որ այլևս կորցրել է Հայաստանի ժողովրդի վստահությունը:
Երեկվա Ազատության հրապարակի ակցիան, որը վերջնականապես բացահայտեց իշխանության ռեպրեսիվ բնույթը՝ ապացուցելով, որ հին համակարգը՝ իր հոռի բարքերով, ռեստավրացվել է հենց Փաշինյանի դեմքով:
Հիմա շատ կարևոր է, որպեսզի շարժման ղեկավարությունը գիտակցի՝ Փաշինյանի հեռացման կարճաժամկետ պլանը, որի նկատմամբ թերահավատ եմ եղել ի սկզբանե, պետք է փոխարինվի ավելի երկարաժամկետ պլանով:
Շարժումն ինստիտուցիոնալիզացիայի անհրաժեշտություն ունի, որը ենթադրում է քաղաքական հարթակի, քաղաքական բովանդակության և ծրագրի համակցում՝ Բագրատ Սրբազանի գլխավորությամբ:
Այդ դեպքում, 2-3 ամսից հնարավոր է ունենալ շոշափելի արդյունք՝ Փաշինյանի հեռացման և խորհրդարանական արտահերթ ընտրությունների տեսքով:
Շարժման հարթակը չպետք է սևեռվի միայն իմպիչմենթի ճանապարհի վրա, այլ դիտարկի նաև ընդդիմադիր պատգամավորների մանդատներից հրաժարվելու տարբերակը:
Ի վերջո, ցանկացած սահմանադրական լուծում, որը կարող է բերել պետական համակարգի պարալիզացմանը և հնարավոր դարձնի Փաշինյանի քաղաքական մեկուսացումն ու հեռացումն, ընդունելի է:
Ի վերջո, ընդդիմության խնդիրն է՝ Փաշինյանի քաղաքական մեկուսացումը»,-գրել է նա։