17/05/2024 13:55
Պետք է դիտարկել, թե ինչքանով է ընդլայնվում այս շարժումը. Պետրոսյան (Տեսանյութ)
Թվացյալ հապաղումը չափազանց մեծ աջակցության արդյունքն է. լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը՝ պնդելով, որ գործընթացը ո՛չ հապաղում, ո՛չ էլ դանդաղում է։
«Չպետք է չափել այս գործընթացը միայն ամեն օր հրապարակում հավաքված մարդկանց թվով։ Պետք է դիտարկել, թե ինչքանով է ընդլայնվում այս շարժումը, ինչ տարբեր շերտեր են միանում գործընթացին, մասնագիտական կառույցներից սկսած՝ բուհեր, կառույցներ, մինչև տարբեր համայնքներ։ Շարժումն ամեն օր ընդլայնվում է, ու հիմա այս փուլում փորձում ենք բոլորի ներառականույթունն ու մասնակցությունը ապահովել»,-ասաց նա։
Պետրոսյանն ասաց, որ որևէ անհստակ բան չի լինելու. «Մի քանի օր ևս պետք է զինվել համբերությամբ ու պայքարի ոգով, և կտեսնեք՝ ինչ կստացվի»,-ասաց նա։
Անդրադառնալով Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի՝ այսօր գյուղացիների հետ փակ հանդիպմանը, Պետրոսյանն ասաց՝ վստահ է, որ որևէ ասելիք չունի։
«Իշխանական տարբեր շրջանակների միակ խնդիրն այն է, որ կարողանան հասարակության մեջ որոշակի չափով կայունություն պահեն ու միակողմանի հանձնման գործընթացն իրենց ավարտին հասցնեն, ուրիշ այլ բան չունեն։ Հերթական անգամ հավաքելու են մարդկանց, ստելու են, ահաբերկելու, վախեցնելու, ժամանակ ձգեն, որ գործընթացի տրամաբանությունն ավարտվի, անդառնալիության կետը հատեն ու էլի իրենց գործին անցնեն»,-ասաց նա։