17/05/2024 14:51
Հայտնի են դպրոցականների միջև «Սպորտլանդիա» մարզական միջոցառման եզրափակիչ փուլի հաղթողները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ Վանաձորի մարզահամալիրում օրերս անցկացվել են հանրակրթական դպրոցների 1-3-րդ և 4-6-րդ դասարանների միջև «Սպորտլանդիա» մարզական միջոցառման հանրապետական եզրափակիչ փուլի մրցումները։
«Սպորտլանդիա» մարզական միջոցառման հանրապետական եզրափակիչ փուլի մասնակիցներին ողջունել և մրցանակակիրներին պարգևատրել են ԿԳՄՍ նախարարության սպորտի քաղաքականության վարչության պետ Նարինե Շահբազյանը, Զանգվածային սպորտի և ֆիզիկական դաստիարակության բաժնի պետ Սերգեյ Աբրահամյանը, ինչպես նաև Լոռու մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության աշխատակիցները:
1-3-րդ դասարանների միջև «Սպորտլանդիա» մարզական միջոցառման նախընտրական փուլերին Երևանից և ՀՀ բոլոր մարզերից 4808 աշակերտ է մասնակցել՝ հանրապետության 481 դպրոցից:
Համառ մրցապայքարում հաղթողի տիտղոսը նվաճել է Լոռու մարզի Լեռնահովիտի Ս. Կարապետյանի անվան միջնակարգ դպրոցի թիմը, որը լավագույն արդյունքն է ցույց տվել եզրափակիչ փուլի ծրագրով անցկացված 5 վարժությունում՝ խաղային փոխանցավազք, փոխանցավազք արգելքների հաղթահարմամբ, փոխանցավազք մարմնամարզական օղակներով, վարժություն մանկական երկանիվ հեծանիվով (կցորդ անիվներով) և «Օլիմպիական խորհրդանիշի հավաքում»:
Երկրորդ տեղը զբաղեցրել է Արմավիրի թիվ 6 հիմնական դպրոցի թիմը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Վայոց ձորի թիվ 1 հիմնական դպրոցի թիմը:
4-6-րդ դասարանների միջև «Սպորտլանդիա» մարզական միջոցառման նախընտրական փուլերին Երևանի և ՀՀ բոլոր մարզերի 520 դպրոցներից ավելի քան 5100 աշակերտ է մասնակցել:
Համառ մրցապայքարում հաղթողի տիտղոսը նվաճել է Արմավիրի Վաղարշապատի թիվ 6 հիմնական դպրոցի թիմը, որը լավագույն արդյունքն է ցույց տվել եզրափակիչ փուլի ծրագրով անցկացված 5 վարժությունում:
Երկրորդ տեղը զբաղեցրել է Արագածոտնի Մաստարայի միջնակարգ դպրոցի թիմը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Սյունիքի Յու. Բաշխյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի թիմը:
Ընդհանուր առմամբ՝ հանրակրթական դպրոցների 1-3-րդ և 4-6-րդ դասարանների միջև «Սպորտլանդիա» մարզական միջոցառմանը մասնակցել են 10 հազար աշակերտներ՝ ՀՀ ավելի քան հազար դպրոցներից:
Միջոցառման մասնակիցները ԿԳՄՍ նախարարության կողմից պարգևատրվել են մարզահագուստով և մարզագույքով, իսկ 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված թիմերը` նաև գավաթներով ու մեդալներով։