17/05/2024 16:37
Անահիտ Մանասյանը Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավարի հետ քննարկել է փոխգործակցությունն ընդլայնելու ուղղությունները
ՄԻՊ գրասենյակը հաղորդագրություն է տարածել, որում նշված է․
«ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 17-ին ընդունել է Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեի գլխավորած պատվիրակությանը։
Անահիտ Մանասյանը շնորհավորել է Մաքսիմ Լոնգանգեին ՀՀ-ում ԵԽ գրասենյակի ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և նշել, որ չափազանց կարևորում է Եվրոպայի խորհրդի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը։ Այս համատեքստում Պաշտպանն ընդգծել է ԵԽ ծրագրերի դերակատարությունը Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության տարբեր ոլորտների զարգացման գործում։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերները, անդրադարձել ատելության խոսքի և անհանդուրժողականության դրսևորումներին, ինչպես նաև վերջին շրջանում լրագրողների մասնագիտական գործունեության առերևույթ խոչընդոտման դեպքերին։
Անահիտ Մանասյանը շեշտել է, որ նշված հարցերն իր աշխատանքի առաջնային ուղղություններից են և գտնվում են իր անմիջական ուշադրության կենտրոնում։ Անդրադարձ է կատարվել նաև մարդու իրավունքների պաշտպանի 2023 թվականի տարեկան հաղորդմանը, որտեղ մանրամասն վերլուծված են դրանցից յուրաքանչյուրը։
Մաքսիմ Լոնգանգեն իր հերթին բարձր է գնահատել Մարդու իրավունքների պաշտպանի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը, որը միտված է Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ավելի ամուր համակարգ ունենալուն։
Հանդիպման ավարտին կողմերը նախանշել են փոխգործակցությունն ընդլայնելու ուղղությունները»։