17/05/2024 22:46
ԵԽ-ն ընդունել է արհեստական ինտելեկտի կիրառումը կանոնակարգող համաձայնագիրը․ Այն չպետք է օգտագործվի ժողովրդավարական ինստիտուտները խարխլելու համար
Եվրախորհրդի անդամ երկրները ընդունել են արհեստական ինտելեկտի կիրառման կանոնակարգման մասին համաձայնագիրը։
Փաստաթուղթը ստորագրել են Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նիստի մասնակիցները, նիստը Ստրասբուրգում է կայացել։
«ԵԽ ընդունել է պատմության մեջ առաջին իրավաբանորեն պարտավորեցնող միջազգային պայմանագիրը, որն ուղղված է արհեստական ինտելեկտի կիրառման ժամանակ մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության ապահովմանը։ Պայմանագիրը, որը կարող են ստորագրել նաև ոչ եվրոպական երկրները, սահմանում է օրենսդրական դաշտ՝ կիրառելի արհեստական ինտելեկտի համակարգերի ողջ ցիկլի ընթացքում, այն հաշվի է առնում ռիսկերը, որոնք կարող են առաջացնել արհեստական ինտելեկտի համակարգերը, նպաստում է նորարարությունների պատասխանատվորեն զարգացմանը»,- նշված է պայմանագրում, որը հրապարակել է ԵԽ-ն։
Կոնվենցիան կարգավորում է արհեստական ինտելեկտի օգտագործումը ինչպես պետական, այնպես էլ մասնավոր ընկերությունների կողմից, պարտավորեցնում է ստուգել նման տեխնոլոգիաներ օգտագործելիս մարդու իրավունքների չափանիշներին համապատասխանությունը, կամ արգելք է սահմանում դրանց օգտագործման վրա, եթե անհնար է ապահովել նշված պահանջը։
Պայմանագրով պահանջվում է նաև միջոցներ ձեռնարկել՝ ապահովելու, որ արհեստական ինտելեկտի համակարգերը չօգտագործվեն ժողովրդավարական ինստիտուտները խարխլելու, այդ թվում՝ իշխանությունների տարանջատման, դատական անկախության և արդարադատության մատչելիության սկզբունքները խաթարելու համար։
Կոնվենցիայի դրույթները պարտադիր չեն, եթե խոսքը վերաբերում է ազգային անվտանգության շահերի պաշտպանությանը։
«Կոնվենցիան չի տարածվի ազգային պաշտպանության կամ գիտահետազոտական գործունեության վրա՝ բացառությամբ այն դեպքերի, երբ արհեստական ինտելեկտի համակարգերի փորձարկումը կարող է խախտել մարդու իրավունքները, ժողովրդավարությունը և օրենքի գերակայությունը»,- նշված է փաստաթղթում։