17/05/2024 18:28
«Հոգևոր Հայաստանը պետք է հաղթի այս չկամեցած վիճակին»․ Բագրատ Սրբազանի խոսքին հոտնկայս ծափահարություններ հաջորդեցին
«Մենք շատ վճռորոշ ժամանակներում ենք գտնվում, սեղանին է դրված մեր հայրենիքի ներկան, ոչ թե ապագան»,- բժշկական համայնքի հետ հանդիպման ժամանակ ասաց Բագրատ Սրբազանը՝ նշելով իր առաջնորդած պայքարի նպատակը նաև։
«Երբ Տավուշից սկսել ենք այս շարժումը և եկել, հասել ենք Երևան, մեր ծրագիրը մեկն է եղել՝ դադարեցնել այս ապօրինի գործընթացը, որը սարսափելի դերակատարություն է ունենալու մեր կյանքում՝ ուղղակիորեն դառնալով մեր ստորացման վերջին աստիճանի սկիզբը, մեխը։ Այդ պատճառով ենք մենք դուրս եկել փողոց։ Արքեպիսկոպոս մարդ՝ որոշել է դուրս գալ փողոց․ անընդունելի է՝ բառիս բուն իմաստով։ Բայց սա ճիչ է ուղղակի, աղաղակ է, որ չի՛ կարելի այսպես»,- ասաց Սրբազանը։
Ո՞վ է հանդուրժելու այսքան նվաստացում, անկարելի է։ Սա համարեք աղաղակ, ճիչ, խոսքը շարունակեց Սրբազանը՝ հավելելով՝ լուծումը պետք է գտնվի։
«Դրա լուծումը մեկն է․ ստորացման, նվաստացման խորհուրդը պետք է վերանա մեր կյանքից։ Գռեհկությունը, սուտը, անընդհատ խաբելը միմյանց, պետք է վերանա։
Մենք ապաքինման կարիք ունենք, հաշտության կարիք ունենք՝ լայն հասարակական հաշտության։ Մենք արժեքների մասին պետք է խոսենք՝ ոչ հայհոյախառն լեզվով, որը հորդում է խորհրդարանի ամբիոնից, ամեն տեղից։
Տեսեք՝ ինչ խոսք է թափվում մեր կյանք, սա ո՞ւմ համար է հաճելի և ընդունելի»,- ասաց նա։
Լուծմանը հասնելու ճանապարհին, ինչպես նշեց Բագրտ Սրբազանը, անելիքներ կան՝ խորհրդակցություններ, հանդիպումներ բոլոր ոլորտների, մասնագիտական բոլոր համայնքների ներկայացուցիչների հետ, որից հետո՝ մեծ հաանրահավաք, որտեղ էլ կներկայացվեն Ճանապարհային քարտեզն ու կնշվեն կոնկրետ քայլերը։
«Բոլորին անխտիր հանդիպելու ենք, որից հետո մեծ հանրահավաք ենք գումարելու և որոշակիորեն ասելու ենք՝ կոնկրետ ինչ է տեղի ունենալու և ինչ ենք անելու՝ մեր նպատակի ու ծարգրի համար։
Հոգևոր Հայաստանը իր բոլոր արժեհամակարգային արտահայտություններով ու հատկանիշներով պետք է հաղթի այս չկամեցած իրավիճակին»,- ասաց Բագրատ Սրբազանը։
Հանդիպմանը ներկա բժիշկները նրա այս խոսքերը հոտնկայս ծափահարություննեով ողջունեցին, դահլիճից լսվեց՝ Ամեն։