17/05/2024 11:38
ՀՀ-ում ֆրանսիական համալսարանի ուսխորհուրդն իր աջակցությունն է հայտնել Բագրատ Սրբազանին և նրա գլխավորած շարժմանը
Հայաստանում ֆրանսիական համալսարանի ուսանողական խորհուրդն իր աջակցությունն է հայտնել Գերաշնորհ Տեր Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանին և նրա գլխավորած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը:
Ուսանողական խորհրդից մասնավորապես հայտնում են․«Հայաստանի Հանրապետությունն այսօր դժվարին կացության մեջ է գտնվում և ունի յուրաքանչյուրիս կարիքը։
Որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ՝ մենք խիստ մտահոգված ենք երկրում առկա իրավիճակով և խստորեն դատապարտում ենք ցանկացած հակասահմանադրական քայլ, որն ուղղված է մեր պետականության դեմ։ Այսպիսի իրավիճակում լռությունը և անտարբերությունը անընդունելի է ու մահաբեր։
Հաշվի առնելով ներկայիս ծանր ներքաղաքական իրավիճակը և վերջին օրերին դրա լուծման նպատակով կազմակերպվող քաղաքացիական անհնազանդությունները` Հայաստանում ֆրանսիական համալսարանի ուսանողական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում Գերաշնորհ Տեր Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանին և նրա գլխավորած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը:
Այս դժվար օրերին կարևոր է գիտակցել, որ միայն համախմբված լինելով մենք կարող ենք հասնել մեր նպատակին։
Երիտասարդ սերունդն է վաղվա օրվա երաշխավորը»: