18/05/2024 10:40
Միրզոյանը Նիդերլանդների պաշտոնակցի հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրին
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարար Հանկը Բրաունս Սլոտի հետ:
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ զրուցակիցներն ընդգծել են, որ համատեղ ջանքերով, ակտիվ քաղաքական երկխոսության միջոցով հաջողվել է կառուցել լայն երկկողմ օրակարգ և քննարկել այն առավել խորացնելու հեռանկարները՝ թե`երկկողմ, թե`Եվրոպական միության հարթակում։
Վերջինիս պարագայում մտքեր են փոխանակվել առկա գործիքակազմի առավել արդյունավետ կիրառման, այդ թվում՝ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի անհրաժեշտության շուրջ։
ՀՀ ԱԳ նախարար. «Հայաստանը հստակ քայլերով գնում է ժողովրդավարական բարեփոխումների, ինչպես նաև ԵՄ հետ գործընկերության առավելագույն սերտացման ուղղությամբ, և այս ճանապարհին մենք մեծապես կարևորում ենք նույն սկզբունքները կիսող Նիդերլանդների հետ շարունակական ակտիվ փոխգործակցությունը։»
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային հարցերի։ ՀՀ ԱԳ նախարարը Նիդերլանդների իր գործընկերոջն է ներկայացրել Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ մայիսի 10-11-ին Ալմաթիում կայացած բանակցություններից հետո գործընթացի շարունակման հարցում ՀՀ մոտեցումները։
Նախարար Միրզոյանը շեշտել է 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման և սահմանազատման գործընթացում առավելագույն հստակության ապահովման կարևորությունը։