18/05/2024 14:36
Շարժումը հաջողության կհասնի, եթե նախկինում իշխած ուժերը քաղաքական իմաստով քաշվեն մի կողմ․ Խաժակյան (Տեսանյութ)
Աներկբա է, որ այս շարժման առաջնորդը Բագրատ Սրբազանն է, և մենք այստեղ առարկություն չունենք․ Բագրատ Սրբազանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի փոխնախագահ Դավիթ Խաժակյանը:
Նա միաժամանակ նկատեց, որ շարժման՝ հաջողության հասնելու հավնականանություն տեսնում է, «միայն եթե նախկինում իշխած ուժերը քաղաքական իմաստով քաշվեն մի կողմ»։
«Նախկին իշխած ուժերը, քաղաքական իմաստով, պետք է քաշվեն մի կողմ և թույլ տան, որ Սրբազանն առանց իրենց միջամտության կարողանա առաջ մղել շարժումը, իսկ Սրբազանն էլ, իր հերթին, եթե հստակ դրա մասին հայտարարի, շարժումը նոր թափ կստանա»,- ասաց նա։
Հարցին՝ եթե նախկիններին պետք է բացառել, արդյո՞ք Նիկոլ Փաշինյանի հետ աշխատած, համագործակցած ուժերը պետք է մնան, արդյո՞ք ԼՀԿ-ն կկիսեր այս տեսակետը, եթե Մարուքյանը մնար Փաշինյանի հատուկ հանձնարարություններով դեսպանը՝ նա պատասխանեց․
«Ձեր հարցադրումը այստեղի հետ որևէ առնչություն չունի։ Շարժումն անկուսակցական է, և մենք որպես կուսակցություն որևէ ակնկլալիք չունենք։ Մեր ակնկալիքները կապված են շարժման հռչակած արդարացի նպատակների հետ։ Մենք ասում ենք՝ եթե կա որևէ գործողություն, որով շարժումը կշահի, պետք է իրականացնենք։ Եթե հասարակությունը ստանա աներկբա պատասխան, որ նախկին իշխանությունների վերադարձ չի լինի, ես վստահ եմ՝ գործող իշխանությունը որևէ շանս չի ունենա պահպանելու իր դիրքերը»։