18/05/2024 17:57
«Հաճախ ասել եմ բաներ, որ մեծամասնության սրտով չի եղել, բայց կեղծել չեմ կարող»․ Էդուարդ Շարմազանովը՝ քաղաքական ուժերի համախմբման մասին
Ես երբեք չեմ փայլել ականջահաճո ու պոպուլյար հայտարարություններով։ Ընդհակառակը՝ հաճախ ասել եմ բաներ, որ մեծամասնության սրտով չի էլ եղել։ Բայց ինձ կեղծել չեմ կարող ու հիմա էլ կասեմ կարծիքս՝ քաղաքական ուժերի համախմբման արհեստական օրակարգի մասին։
Ես համախմբվելու չունեմ 2016-ին ՊՊԾ գունդ գրաված /ոստիկաններ են սպանվել/«ուժի», 2018-ի իշխանազավթումն առ այսօր արդարացնող ու ՀՀԿ-ն «չարիք» համարող «ուժերի» հետ։
Ես համախմբվելու չունեմ ժամանակին Նիկոլ Փաշինյանի արբանյակը հանդիսացողների ու 2020-ի կապիտուլյացիայից հետո նրա հրաժարականը չպահանջողների հետ։
Ես համախմբվելու չունեմ Շուշիի ու Հադրութի, Լաչինիու Աղավնոյի, Գորիս-Կապան 21 կմ և Սև լճի 30 տոկոսի հանձնման ժամանակ ծպտուն չհանած «ուժերի» կամ «գործիչների» հետ:
Ես համախմբվելու չունեմ Ռոբերտ Քոչարյանին, Մանվել Գրիգորյանին ապօրինի կալանավորողների ու Սերժ Սարգսյանի վրա սարքած քրեական գործ կարողների հետ։
Ես համախմբվելու չունեմ Արմեն Աշոտյանին քաղաքական բանտարկյալ չհամարողների հետ։
Ես ձևական համախմբման կարիք չունեմ ։
Սա բացառապես իմ անձնական կարծիքն է, բացառապես։
Ես պատրաստ եմ միավորվել արժեհամակարգի ու գաղափարի շուրջ՝ առանց որևէ ամբիցիայի ու դա բազմիցս ապացուցել եմ վերջին 6 տարիների ընթացքում։
Հուսահատությունը մեղք է։ Բայց ինքնախաբեությունն էլ պակաս աղետալի չէ։
Աստված տա՝ Սրբազան շարժումը հաջողի ու սպասարկի ՀՀ, հայության ու Հայ Եկեղեցու շահերն ու դավանած արժեհամակարգը։
ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանով