18/05/2024 17:29
Գիտեմ՝ պարոն Աբազյանը լսում է, դատախազությունը լսում է․ ես հանցագործության մասին հաղորդում եմ տվել․ այն մարդկանց, որոնք մեզ զրպարտել են, պատասխանատվության ենթարկեք․ Բագրատ Սրբազան
Լրագրողների խնդրանքով Բագրատ Սրբազանը պատասխանեց՝ ի՞նչ է հաջորդել իր կողմից ԱԱԾ-ին ու դատախազությանը հանցագործության մասի հաղորդում ներկայացնելուն։ Հիշեցնենք՝ իշխանական ու իշխանամերձ օղակների կողմից զրպարտանք էր հնչել Բագրատ Սրբազանի հասցեին, նա էլ հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել։ Ինչպես նշեց Սրբազանը, ոչ մի գործողություն չի արվել, զրպարտողները պատասխանատվության չեն կանչվել։
«Պետք է իրենց դատի տալ, որ անգործությամբ են զբաղված․ այն մարդկանց, որոնք մեզ զրպարտել են, պատասխանատվության չկանչեցին։
«Ես հենց հիմա պաշտոնապես ասում եմ։ Գիտեմ, որ պարոն Աբազյանը լսում է, դատախազությունը լսում է․ ես հանցագործության մասին հաղորդում եմ տվել։ Այդ մարդկանց պետք է ուղղակի քրեական պատասխանատվության ենթարկեք՝ զրպարտության համար»,- ասաց նա։
Բագրատ Սրբազանը լրատվամիջոցներին խնդրեց իր խոսքը տարածել՝ հավելելով նաև, որ պատրաստ է հանդիպման։
«Ես ուրիշ միջոց չունեմ հասնելու, եթե իրենք կուզեն հանդիպել, շատ սիրով, թող գան, հանդիպեն։ Եթե չեն ուզում, ես այս ճանապարհով ասում եմ»,- նշեց Սրբազանը։