18/05/2024 10:11
Բողոքի ակցիաներին մասնակցող «Ազատազէնի» ձերբակալված 5 անդամներն ազատ են արձակվել. Փաստաբան
Բողոքի ակցիաներին մասնակցող «Ազատազէնի» ձերբակալված 5 անդամներն ազատ են արձակվել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հինգ իրավապաշտպանների նախաձեռնության» անդամ, փաստաբան Վարազդատ Հարությունյանը:
Հիշեցնենք, որ մայիսի 14-ի երեկոյան Իշխան Գևորգյանին ու ընկերներին բերման են ենթարկել, ապա ձերբակալել այն պահին, երբ տղաները պարկերում ավազ էին լցնում։
ՔԿ-ից ասացին՝ ունեցել են ապօրինի զենք-զինամթերք կրելու, պահելու հիմնավոր կասկած։ Սակայն անձնական խուզարկությամբ որևէ բան չեն հայտնաբերել։
Դեպքի առթիվ նախաձեռնված է քրեական վարույթ քրեական օրենսգրքի 335 -րդ հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով։ Քրեական օրենսգրքի 335 -րդ հոդվածը վերաբերում է Հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությանը։
«Ապօրինի կերպով հրազեն (բացառությամբ քաղաքացիական ողորկափող հրազենի, դրա փամփուշտների կամ դրա բաղկացուցիչ մասերի), դրա հիմնական բաղկացուցիչ մաս, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտ, պայթուցիկ նյութ կամ պայթեցման սարք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ կրելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ պատժվում է ազատազրկմամբ` երեքից վեց տարի ժամկետով»։