18/05/2024 09:56
«Ժողովուրդ». «Կողմ եմ արտահայտվելու». Գեղամ Նազարյանը՝ իմպիչմենտի մասին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ «Հայաստան» խմբակցության անկուսակցական պատգամավոր Գեղամ Նազարյանը, ով մայիսի 17-ին Կիրանցում տհաճ միջադեպի կիզակետում էր, այժմ թիրախավորվում է ոչ միայն լրագրողին վիրավորելու համար, այլև իշխանական թեզեր առաջ տանելու համար: Անգամ համացանցում մտահոգություններ են հնչում, թե Նազարյանը գուցե չմիանա անգամ Փաշինյանին իմպիչմենտ հայտնելու նախագծին:
«Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց Գեղամ Նազարյանի հետ՝ պարզելու համար այս լարված իրավիճակում, երբ մայրաքաղաքում Բագրատ Սրբազանը ջանում է թիմը տանել դեպի իշխանափոխություն, իսկ Կիրանցում թեժ և լարված իրավիճակ է, Նազարյանը կմասնակցի՞ Սրբազանի առաջարկած իմպիչմենտին, թե՞ կխուսափի անվստահություն հայտնել Նիկոլ Փաշինյանին։
«Ինչ վերաբերում է այն ստոր լուրերին, թե ես, իբր, հնարավոր իմպիչմենտի դեպքում դեմ եմ արտահայտվելու կամ ձեռնպահ եմ մնալու, ապա կարճ և հստակ ասեմ` ես կողմ եմ արտահայտվելու։
Եվ ցավում եմ բոլոր նրանց համար, ովքեր իմանալով, որ իմ և Նիկոլ Փաշինյանի միջև շատ վաղուց անձնական և ոչ անձնական որևէ հարաբերություն չկա, դիտավորյալ լուրեր են տարածում, թե մենք մտերմիկ հարաբերություններ ունենք։
Գուցե շատ ժամանակ անց այս և այլ միջադեպերի, ասեկոսեների, իմ դեմ արդեն երկար՝ ամիսներ շարունակվող ուղղորդվող արշավի մասին մանրամասն անդրադառնամ, բայց հաստատ՝ ոչ հիմա։ Միայն մի խնդրանք. այս ամենի մեջ մի՛ ներքաշեք հերոս տղերքի ծնողներին։ Դուք անարգանքի սյունին գամում եք՝ գամեք. հանգիստ թողե՛ք իմ բախտակիցներին։ Առայժմ՝ այսքանը». – ասել է Նազարյանը։
Նա իր խոսքում նաև երկու անգամ նշել է, որ ցավում է լրագրողի և լրատվամիջոցի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի համար:
Ստացվում է, որ իմպիչմենտը խորհրդարան մտցնելու համար անհրաժեշտ ստորագրությունները կան. սպասենք նախագծի վերջնական տարբերակի պատրաստ լինելուն և վարչապետի թեկնածուի հայտարարմանը։ Այ դրանից հետո ՔՊ-ից ևս 18 հոգու քվեի կարիք կլինի, որ Փաշինյանը ստիպված լինի հեռանալ կառավարական կաբինետից»։