20/05/2024 19:40
Ծորանային կարցինոմա․ Սովորաբար հայտնաբերվում է մամոգրաֆիայի ժամանակ
Ծորանային կարցինոման կրծքագեղձի կաթնային ծորանի ներսում ոչ նորմալ՝ քաղցկեղային բջիջների առկայությունն է:
Այն համարվում է կրծքագեղձի քաղցկեղի ամենավաղ ձևը: Հիվանդությունը ոչ ինվազիվ է, այսինքն՝ չի տարածվել կաթնածորանից դուրս և ունի ինվազիվ դառնալու ցածր ռիսկ:
Սովորաբար հայտնաբերվում է մամոգրաֆիայի ժամանակ, որը նշանակվում է որպես կրծքագեղձի քաղցկեղի սքրինինգի մի մաս, կամ կրծքագեղձում առկա գոյացությունը հետազոտելու համար:
Խնդիրը անհետաձգելի բուժում պահանջող վիճակ չէ, սակայն, անհրաժեշտ է անցկացնել գնահատում և բուժման տարբերակների քննարկում: Բուժումը կարող է ներառել կրծքագեղձը պահպանող վիրահատություն, որը զուգորդվում է ճառագայթային թերապիայի հետ կամ ամբողջ կրծքագեղձի հյուսվածքի հեռացման վիրահատություն:
Ծորանային կարցինոման սովորաբար որևէ գանգատով կամ ախտանիշով չի արտահայտվում։
Այնուամենայնիվ, երբեմն կարող է առաջացնել այնպիսի ախտանիշներ, ինչպիսիք են՝
կրծքագեղձում գոյացություն,
պտուկից արյունային արտադրություն:
Սովորաբար հայտնաբերվում է մամոգրաֆիայով որպես կալցիֆիկացիաների փոքր խմբեր, որոնք ունեն անկանոն ձևեր և չափեր:
Այցելեք բժշկի, եթե նկատում եք կրծքում փոփոխություններ, ինչպես օրինակ՝ գոյացություն, ծակոտած կամ այլ անսովոր մաշկային շրջան, մաշկի տակ հաստացած հատված կամ արտադրություն:
Բժիշկը կուղղորդի, թե երբ պետք է մտածել կրծքագեղձի քաղցկեղի սքրինինգի մասին և որքան հաճախ այն պետք է կրկնվի: Սովորաբար խորհուրդ է տրվում կրծքագեղձի քաղցկեղի սովորական սքրինինգ՝ սկսած 40 տարեկանից:
Հիվանդության զարգացման ռիսկը մեծացնող գործոններից են՝
մեծ տարիք,
կրծքագեղձի բարորակ հիվանդության, օրինակ՝ ատիպիկ հիպերպլազիայի վերաբերյալ անձնական պատմություն,
կրծքագեղձի քաղցկեղի ընտանեկան պատմություն,
հղիության շրջանի բացակայությունը կյանքում,
առաջին երեխայի ծնունդը՝ 30 տարեկանից հետո,
առաջին դաշտանը 12 տարեկանից առաջ,
դաշտանադադարի սկիզբը 55 տարեկանից հետո,
գենետիկ մուտացիաներ, որոնք մեծացնում են կրծքագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկը, ինչպիսիք են կրծքագեղձի քաղցկեղի BRCA1 և BRCA2 գեները։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն