20/05/2024 22:11
Կա պայմանավորվածություն՝ որոշ ուղղություններով Ադրբեջանին զիջումներ անելու․ Հայաստանի այս իշխանությունը հենց դա է անում․ Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը «սահմանազատման» անվան տակ կատարվածը համարում է Հայաստանի ականապատում:
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարը նաև ընդգծել է.
«Կիրանցում բոլոր առումներով տեղի է ունենում ապօրինություն. խնդիրն այստեղ միայն այն չէ, որ այս իշխանությունը սահմանը բերում և անցկացնում է Կիրանց գյուղի միջով, որ ադրբեջանական կողմին են անցնում Հայաստանի Կադաստրի կոմիտեի հաստատումն ունեցող տներ, անցնում է ճանապարհ. խնդիրն այն է, որ այդ գործընթացը, որը կոչվում է, իբր թե, սահմանագծման և սահմանազատման գործընթաց, անօրինական է՝ որոշումներ են կայացնում մարմիններ, պաշտոնյաներ, որոնք դրա իրավասությունը չունեն, հանձնվում են տարածքներ, որոնք այդ մարդիկ հանձնելու լիազորություններ չունեն։ Իշխանության նպատակը ոչ թե քարտեզների վրա սահմանագծում և սահմանազատում անելն է, այլ կա պայմանավորվածություն որոշ ուղղություններով Ադրբեջանին զիջումներ անելու։ Հայաստանի այս իշխանությունը հենց դա է անում»,- ասել է Աբրահամյանը։
Պատգամավորը շեշտել է՝ այն, ինչ կատարվում է հիմա Տավուշում, ցույց է տալիս Հայաստանի իշխանության իրական նպատակն ու դավադրությունը:
«Դավադրություն է, որն այս պահին արտահայտված է Տավուշում, որտեղ երկարատև գործածման ականներ են տեղադրվում, որոնք Հայաստանի Հանրապետության տարբեր հատվածներում են ունենալու ծանր հետևանքներ»,- ասել է Աբրահամյանը։
Ինչ վերաբերում է իշխանության ներկայացուցիչների տարածած և որպես ձեռքբերում ներկայացվող՝ Տավուշի մարզում Ադրբեջանից 25 հեկտար տարածք ստանալու մասին լուրերին, ապա Աբրահամյանը նշել է՝ դրանք ի սկզբանե ռազմական նշանակության տարածքներ են, որոնք եղել են մեր վերահսկողության տակ։
«Իշխանությունը փորձում է սովորական իրադրությունը մեծ հաղթանակ ներկայացնել և ցույց տալ, թե ադրբեջանական կողմը մեզ 25 հեկտար է զիջել, իրականում, սակայն, այդ տարածքը գտնվել է հայկական կողմի ենթակայության տակ և ունեցել այլ նշանակություն»,– ասել է ընդդիմադիր պատգամավորը ՝ շեշտելով, որ, խոշոր հաշվով, այսօր Տավուշում տեղի ունեցողով Ադրբեջանը լուծում է իր համար ռազմավարական նշանակության հարցեր։
«Ադրբեջանն ընտրել է Տավուշի մարզը և չի սկսել, օրինակ, սահմանագծում և սահմանազատում անել Բագրատաշենից, որովհետև Տավուշի մարզի այս հատվածները վերցնելով՝ մխրճվում է Հայաստանի տարածք։ Ադրբեջանը տեսել է, որ իր համար կա Հայաստանի իշխանությունների ժամանակ բարենպաստ պայման, որով Հայաստանի տարածքի մեջ է մխրճվել, մտել այնպիսի տարածքներ, որոնք երկարաժամկետ անվտանգային սպառնալիքներ են առաջացնելու Հայաստանի համար։ Փաշինյանը սա միանշանակ գիտի։ Իհարկե, կարող են պետական համակարգում լինել մարդիկ, որ սա չհասկանան, բայց Փաշինյանն ու իր շուրջը կանգնած մոտ 10 հոգին սա գիտեն։ Տեղի է ունենում Հայաստանի ականապատում։ Սա պայթելու է և լրջագույն խնդիրներ է առաջացնելու Հայաստանի համար»,- ասել է Տիգրան Աբրահամյանը։