20/05/2024 10:30
ԿԲ-ն շրջանառության մեջ է դրել «Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակ» ոսկե հուշադրամը
ՀՀ կենտրոնական բանկը 2024 թվականի մայիսի 20-ին շրջանառության մեջ է դնում «Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակ» ոսկե հուշադրամը:
Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշադրամ
ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐ (1924–2018 թթ.)՝ ֆրանսահայ նշանավոր երգիչ, երգահան, կինոդերասան, գրող և հասարակական գործիչ:
Ծնվել է Փարիզում, Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած հայ գաղթականների ընտանիքում:
Մանկուց մեծ հետաքրքրություն է ունեցել արվեստի հանդեպ: Պրոֆեսիոնալ ստեղծագործական ուղին սկսել է 1940-ական թվականներին: Համընդհանուր ճանաչման է արժանացել 1956 թ.՝ Փարիզի «Օլիմպիա» համերգասրահում ելույթից հետո:
Երաժշտական կարիերայի ընթացքում հեղինակել և համահեղինակել է ավելի քան 1000 ստեղծագործություն՝ «Մամա», «Բոհեմ», «Դեռ երեկ», «Երիտասարդություն», «Նա», «Երկու կիթառ», «Հավերժական սեր», «Ավե Մարիա» և այլն, ձայնագրել է մոտ 1400 երգ տարբեր լեզուներով: Հայաստանին նվիրված երգերի շարքում են «Քեզ համար, Հայաստան», «Նրանք ընկան», «Քնքուշ Հայաստան» երգերը:
Ազնավուրը նկարահանվել է 90-ից ավելի ֆիլմերում, հեղինակ է մի շարք գրքերի:
1988 թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո հիմնել է «Ազնավուրը Հայաստանին» ասոցիացիան, 2016 թ. որդու՝ Նիկոլա Ազնավուրի հետ ստեղծել է «Ազնավուր» հիմնադրամը՝ կրթական, սոցիալական, մշակութային ծրագրեր իրականացնելու նպատակով։
Արժանացել է բազմաթիվ պետական բարձրագույն պարգևների և կոչումների, որոնց շարքում են Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշանը (ասպետի, սպայի և կոմանդորի աստիճաններ), Հայաստանի ազգային հերոսի կոչումն ու Հայրենիքի շքանշանը: 2009 թ-ից եղել է Շվեյցարիայում ՀՀ դեսպանը և Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում Հայաստանի մշտական ներկայացուցիչը:
Ազնավուրի ստեղծագործությունը բանաստեղծության, երաժշտության և դերասանական արվեստի ինքնատիպ միահյուսում է: Ցայսօր վաճառվել է Ազնավուրի շուրջ 200 միլիոն ձայնասկավառակ։
Ազնավուրի անունով է կոչվում Երևանի հրապարակներից մեկը, Գյումրիում կանգնեցված է նրա հուշարձանը:
Դիմերես՝ Շառլ Ազնավուրի հուշարձանը Գյումրիում (քանդակագործ՝ Ս. Պետրոսյան, ճարտարապետ՝ Ա. Թարխանյան, 2002 թ.):
Դարձերես՝ Շառլ Ազնավուրի դիմապատկերը, 100 թիվը՝ ոճավորված նոտաների տեսքով, դաշնամուրային ստեղներ և միկրոֆոն:
Էսքիզների հեղինակներ՝ Վարդան Վարդանյան (դիմերես), Կարեն Մելիքյան (դարձերես):
Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում:
Տեխնիկական չափանիշները
Անվանական արժեքը 10 000 դրամ
Մետաղը/հարգը ոսկի 9990
Քաշը 8,6 գ
Տրամագիծը 22,0 մմ
Որակը պրուֆ
Դրամաշուրթը ատամնավոր
Թողարկման քանակը 500 հատ
Թողարկման տարեթիվը 2024